հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը լավ կանի՝ ձենը կտրի ու զբաղվի սահմանների պաշտպանությամբ. Իշխան Սաղաթելյան

Սուրեն Պապիկյանը լավ կանի՝ ձենը կտրի ու զբաղվի սահմանների պաշտպանությամբ. Իշխան Սաղաթելյան

Սովորաբար մենք Պաշտպանության նախարարությանը մեր պայքարի ընթացքում թիրախ չենք դարձրել, քանի որ այն Պաշտպանության նախարարություն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդարանում հնչեցրած այն մտքին, թե ընդդիմությունը խոսում է Արցախի փրկությունից, բայց երկիրը տանում է անորոշության։

«Սուրեն Պապիկյանը պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ ու չզբաղվի ՔՊ-ի պաշտպանությամբ, այլ զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Սուրեն Պապիկյանը պետք  է կողմնորոշվի՝ շարունակում է զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծմա՞մբ, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ։

«Եվ առհասարակ, լավ կանի ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի՝ ՀՀ սահմանների պաշտպանությամբ, այլ ոչ թե ընդդիմությանը հաթաթա տա, հոխորտա կամ մատ թափ տա»: Նման բաներ ասելուց թող չթվա իրենք անձեռնմխելի են։ Թող ձենը կտրի ու գնա զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը  հայտարարել էր, թե ընդդիմությունը երկիր չի փրկում, փորձում է երկիրը տանել դեպի անորոշություն:

  • Կիսվել: