Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան
Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։
«Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված:
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով:
Իրավապահ մարմիններն արդեն իսկ նախաձեռնել են քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխաներին սպիտակ փոշիանման զանգված փոխանցելու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ մեկ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,– ասվում է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։