ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լանջաղբյուրում բացվեց եւ օրհնվեց Արցախյան պատերազմի զոհերի հուշաղբյուրը

Լանջաղբյուրում բացվեց եւ օրհնվեց Արցախյան պատերազմի զոհերի հուշաղբյուրը

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի բակում բացվեց եւ օրհնվեց Արցախյան պատերազմների զոհերի հուշաղբյուրը՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշաղբյուրի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Լանջաղբյուր համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը, Լանջաղբյուրի դպրոցների մանկավարժները եւ աշակերտները, Արցախյան պատերազմներում զոհված լանջաղբյուրցի զինծառայողների ծնողները եւ հարազատները:

Հանդես գալով բացման խոսքով՝ Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ Լանջաղբյուրը տվել է երկու, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ մեկ զոհ: 1992-1994 թվականների ընթացքում զոհվել են Լանջաղբյուրի դպրոցի նախկին սաներ Թաթոս Սհոյանը եւ Հովիկ Իսկանդարյանը, իսկ 2020 թվականին՝ Վաչիկ Ղարիբյանը: Հուշաղբյուրը կառուցվել է համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: §Մենք կորցրել ենք մեր դպրոցի լավագույն աշակերտներին, ովքեր հայրենիքը պաշտպանել են իրենց կյանքի գնով:Նրանց սխրանքները երբեք չեն մոռացվի, իսկ ապրողներս կլինենք նրանց անունները հավերժացնող, մեր հայրենիքը շեն պահող մարդիկ¦,-նշեց դպրոցի տնօրենը:

Օրհնության կարգ կատարելուց հետո ներկաներին ոգեկոչման խոսքով դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: §«Շատ ծանր է համակերպվել այն կորուստներին, որը մենք կրեցինք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս հուշաղբյուրը հարգանքի ու խոնարհումի առանձնահատուկ տուրք է այն հերոս տղաների սուրբ հիշատակին, ովքեր հերոսաբար մաքառեցին թշնամու դեմ ու բերեցին Արցախի ազատությունը: Այդ հերոսամարտերը հավետ կմնան մեր պատմության փառավոր էջերում, իսկ նրանց անունները հավերժ կհիշեն այս դպրոց ոտք դրած աշակերտները, ողջ գյուղը, գալիք սերունդները: Հավերժ փառք նրանց»,-ասաց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին, ապա դպրոցի ռազմագիտության կաբինետում մասնակցեցին անվանակոչության արարողությանը: Ռազմագիտության կաբինետն այսուհետ կրում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վաչիկ Ղարիբյանի անունը: Այնուհետ դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ, որի ընթացքում դպրոցի շնորհալի աշակերտները փառաբանեցին Արցախյան պատերազմների լանջաղբյուրցի հերոսներին, ներկայացրին նրանց անցած մարտական ու հերոսական ուղիները:

  • Կիսվել: