Ստեփանակերտում հուշաղբյուր է բացվել՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած տղաներին
Այսօր, մայիսի 27-ին, մայրաքաղաքում տեղի է ունեցել հուշաղբյուրի բացման արարողություն՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ընկերներ՝ Միքայել Դավիթի Բեգլարյանին և Հարութ Ալեքսանդրի Ղարախանյանին, ովքեր հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշաղբյուրը կանգնեցնելու նախաձեռնությունը հերոս ընկերների հայրերն են։

Հուշաղբյուրի բացման արարողությանը Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ օրհնության կարգ է կատարվել։
«Մենք այսօր ուխտ ենք անում, որպեսզի նրանց գործը շարունակենք ու հաղթական ավարտին հասցնենք։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,-ասել է հոգևոր հայրը։


«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը ներկայացրել է զոհված ընկերների մանկությունը, զինվորական ծառայության մասին հետաքրքիր պատմություններ։

«Մեր զինվորները չեն պարտվել, մեր զինվորները կռվել են հանուն գաղափարի, հանուն հայրենիքի՝ հավատալով, որ ունենալու ենք ազատ Արցախ»,-նշել է նա։


Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանի խոսքով՝ հուշաղբյուրը քաջ տղաների արիության և նվիրումի հիշեցում պիտի լինի՝ ամեն անգամ ծարավը հագեցնելիս:
Հուշաղբյուրի մոտ բարձրացվել է Արցախի Հանրապետության դրոշը:

Բացմանարարողությանը ներկա էին նաև Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
