հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ստեփանակերտում երկու տաճարների ավերումը Հայոց ցեղասպանության նախաշեմին շատ խորհրդանշական է. Ռուսաստանի հայերի միություն

Ստեփանակերտում երկու տաճարների ավերումը Հայոց ցեղասպանության նախաշեմին շատ խորհրդանշական է. Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միությունը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական և մշակութային-պատմական ժառանգության հետևողական ոչնչացման կապակցությամբ:

Կազմակերպությունն ընդգծում է, որ Ստեփանակերտում երկու տաճարների՝ Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը Հայոց ցեղասպանության նախաշեմին շատ խորհրդանշական է:

«Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները՝ ներառյալ նախագահ Իլհամ Ալիևը, նախկինում էլ չեն թաքցրել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության փոփոխման կամ ոչնչացման հետ կապված իրենց մտադրությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին, այդ ամենն ուղեկցվել է ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հռետորաբանությամբ: Միությունը քննադատությանը չդիմացող է համարել այն փաստարկները, ըստ որոնց մի շարք հուշարձաններ իբր կառուցվել են «առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման»:

«Տրամաբանական է հարցնել. իսկ հայերը ո՞ւմ հետ պետք է համաձայնեցնեին այնպիսի գլուխգործոցների կառուցումը, ինչպիսիք են Գանձասարի (XIII դար) և Դադիվանքի (IX–XIII դդ.) վանքերը, մ.թ.ա. I դարում հիմնադրված Տիգրանակերտ հնավայրը և նրա տարածքում գտնվող Վանկասարի եկեղեցին (VII դար), Ծիծեռնավանքը (IV–VI դարեր), Օխտը Դռնի (VI դար) և Գտչավանք (XIII դար) եկեղեցիները, Ամարասի վանքը (IV դար), Ղազանչեցոցը (XIX դար) և ավելի քան հինգ հարյուր այլ քրիստոնեական ճարտարապետական հուշարձաններ, որոնք հազարավոր տարիներ առաջ իրենց պատմական հողերի վրա կառուցել են հայերը, նաղքան աշխարհի քարտեզի վրա հայտնվել է Ադրբեջանը, որը «համաձայնեցում» է պահանջում տաճարների, հուշարձանների և հուշահամալիրների կառուցման համար այն հողերում, որոնց հետ նա ոչ մի առնչություն չի ունեցել»,- նշված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միաժամանակ քննադատել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը: Հեղինակները համոզված են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Ստեփանակերտում ավերված հայկական տաճարների մասին ուղղակի հարցերի պատասխաններից, ինչով փաստացի ձայնակցում է Ալիևին և արձակում նրա ձեռքերը՝ հետագա ցեղասպան քաղաքականության իրականացման համար:

  • Կիսվել: