ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հուսով ենք, որ ապագայում հարևան երկրները վստահության մթնոլորտի վերականգնման կամ ձևավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն. Այվազյան

Հուսով ենք, որ ապագայում հարևան երկրները վստահության մթնոլորտի վերականգնման կամ ձևավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն. Այվազյան

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ա պատգամավոր Շիրակ Թորոսյանը, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին, նշեց, որ  պատերազմից հետո Թուրքիան հանդես եկավ մի նախաձեռնությամբ՝ ստեղծել երկխոսության նոր հարթակ տարածաշրջանային պետությունների ձևաչափով` Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, որը, ըստ երևույթին, չարժանացավ կողմերից որևէ մեկի լուրջ արձագանքին, բայց Վրաստանը բացեիբաց մերժեց` պատճառաբանելով, թե այդ ձևաչափում կա նաև Ռուսաստանը, և այդ պատճառով իրենք մերժում են ու առաջ են քաշում նոր հարթակ` Վրաստան-Հայաստան-Ադրբեջան:

Պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, չնայած պատճառաբանությունը Ռուսաստանի մասնակցությունն էր, բայց նաև այս մերժման և նոր առաջարկի հիմքում կար հակաթուրքական տարր:

Նա հարցրեց նախարարին, թե վերջինս գտնու՞մ է արդյոք, որ դա այդպես է, և, ընդհանրապես, ելնելով այն հանգամանքից, որ մեր տարածաշրջանային անվտանգության մեխը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններն են, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր հարաբերությունները, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն ամբողջովին դիտարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, դիտարկվու՞մ են արդյոք հնարավոր նոր ձևաչափեր:

Պատասխանելով այս հարցին՝ Այվազյանն ասաց. ՛՛Կարծեմ շատ հստակ և բազմիցս արձանագրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ հարթակը մենք դիտարկում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, և որևէ այլ գաղափարներ, որոնք հնչում են տարբեր կողմերից, մեզ համար ընդունելի չեն։ Արված է հսկայական աշխատանք, և ակնկալում ենք, որ աշխատանքները կշարունակվեն նույն ձևաչափով։

Ինչ վերաբերում է տարբեր հարթակներին, ապա ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել տարածաշրջանային համագործակցությանը, որը կխթաներ նաև վստահության մթնոլորտը, և կբերեր, ի վերջո, տարածաշրջանում կայունության և անվտանգության։ Մեր մեղքով չի եղել, որ այդ հարթակները, տարածաշրջանային համագործակցությունը տեղի չեն ունեցել։ Այսօր, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ այդ վստահության մթնոլորտի մեծ պակաս կա։ Հուսով ենք, որ ապագայում հարևան երկրները վստահության մթնոլորտի վերականգնման կամ ձևավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն՛՛։

  • Կիսվել: