շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Նեթանյահուն ու ՑԱԽԱԼ-ի հրամանատարը վիճաբանել են Գազայի հատվածից բնակիչներին հարավ վերաբնակեցնելու ծրագրի շուրջ

Նեթանյահուն ու ՑԱԽԱԼ-ի հրամանատարը վիճաբանել են Գազայի հատվածից բնակիչներին հարավ վերաբնակեցնելու ծրագրի շուրջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը, ըստ որոշ տեղեկությունների, նախօրեին երեկոյան անվտանգության ղեկավարների և ավագ նախարարների հանդիպման ժամանակ վիճաբանել են Գազայի հատվածի ապագա ռազմական ծրագրերի շուրջ, տեղեկացնում է 12-րդ հեռուստաալիքը:

Նշվում է, որ փակ դռների հետևում Նեթանյահուն Զամիրին հրամայել է բնակչության մեծամասնությանը հարավային Գազա տեղափոխելու ծրագիր պատրաստել։

«Դուք ռազմական կառավարությու՞ն եք ուզում։ Ո՞վ պետք է կառավարի երկու միլիոն մարդու»,- հարցրել է Զամիրը։

Ի պատասխան՝ Նեթանյահուն բղավել է. «Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի պետությունը։ Ես չեմ ուզում ռազմական կառավարություն, բայց ոչ մի դեպքում չեմ ուզում ՀԱՄԱՍ-ին անտեսել։ Ես դա թույլ չեմ տա»։

Բացի դրանից՝ նա նաև նշել է, որ տարհանման ծրագրի այլընտրանքը կլինի ամբողջ Գազայի հատվածի գրավումը՝ ներառյալ այն տարածքները, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը մինչ այժմ չի գործել՝ պատանդներին վնասելու վախից։

«Հարավ տարհանվելու այլընտրանքն ամբողջ հատվածը սանրելն ու գրավելն է, ինչը նշանակում է պատանդներին սպանել, ինչը ես չեմ ուզում և ինչին պատրաստ չեմ»,- ասել է նա։

Իր հերթին Զամիրն առարկել է Նեթանյահուին՝ հայտարարելով, որ նման ծրագիրը կարող է վերահսկողության կորստի հանգեցնել. «Մենք պետք է խոսենք դրա մասին, մենք դրան չենք համաձայնել։ Այդ քաղցած և զայրացած մարդկանց վերահսկելու փորձը կարող է հանգեցնել վերահսկողության կորստի, և այդ վերահսկողության կորստի հետևանքով նրանք կարող են հարձակվել Իսրայելի պաշտպանության բանակի վրա»։

Սակայն նրա զգուշացումն անտեսվել է Նեթանյահուի կողմից, փոխարենը նա հրամայել է պատրաստել վերաբնակեցման ծրագիր:

  • Կիսվել: