շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ինձ համար պատիվ կլիներ ներկայացնել Հայաստանը․ Լեոն Սաբուա

Ինձ համար պատիվ կլիներ ներկայացնել Հայաստանը․ Լեոն Սաբուա

«Կրասնոդարի» ակադեմիայի սան Լեոն Սաբուան, ով գոլ է խփել «Սպարտակին» և մասնակցել է «Կրասնոդարի» միակ ելույթին Չեմպիոնների լիգայում, 2023 թվականին հեռացել է ակումբից և դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» կազմում: Նա նաև ճանաչվել է Աբխազիայի լավագույն ֆուտբոլիստ: 2025 թվականի փետրվարից Լեոնը խաղում է Մեդիալիգայում՝ «Ամկալի» կազմում: «Կրասնոդարի» չեմպիոն դառնալուց հետո Metaratings.ru-ին հաջողվել է զրուցել 24-ամյա Սաբուայի հետ, գրում է armsport.am-ը:

– 2022–2024 թվականներին դու հանդես էիր գալիս Հայաստանում: Այդ ընթացքում Եվրոպայից կամ ՌՊԼ-ի ակումբներից առաջարկներ ունեցե՞լ ես։

– ՌՊԼ-ի ակումբներից առաջարկներ չեն եղել: 2023-ի ամռանը, երբ դարձա Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, մի քանի տարբերակ կար, բայց ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեի «Ուրարտուի» հետ, ուստի ոչինչ կոնկրետ չէր, միայն խոսակցություններ: Այդ պահին իմ ուշադրությունը կենտրոնացած էր միայն «Ուրարտուի» վրա, և ես այլ տարբերակներ չէի դիտարկում: ՌՊԼ-ից առաջարկներ չեղան, հիմնականում հետխորհրդային երկրներից էին:

– Երբ հանդես էիր գալիս «Ուրարտուում», Հայաստանի հավաքականից հրավեր ստացե՞լ ես։

– Ոչ, հրավեր չի եղել, քանի որ ես Հայաստանի անձնագիր չունեմ, և նման հարց ընդհանրապես չի քննարկվել:

– Իսկ եթե առաջարկ լիներ, կդիտարկեի՞ր նման տարբերակ։

– Եթե երկար ժամանակ ապրեի Հայաստանում և խաղայի՝ համաձայն բոլոր կանոնների, կարծում եմ՝ այո: Հայաստանն ինձ համար շատ բանով է կապված, այնտեղ շատ հարազատ մարդիկ ունեմ: Ինձ համար պատիվ կլիներ ներկայացնել Հայաստանը: Եթե արժանի լինեի, հաստատ կդիտարկեի:

– «Ուրարտուում» հասցրե՞լ ես խաղալ «Կրասնոդարի» սան Իվան Իգնատևի հետ: Մինչ նրա գալը կապի մեջ եղե՞լ եք: Օգնե՞լ ես նրան ադապտացվել թիմում և երկրում։

– Այո, մեր միջև միշտ ընկերական հարաբերություններ են եղել, շփվել ենք դեռ ակադեմիայի ժամանակներից: Ժամանակը միայն մի փոքր բաժանել էր մեզ, բայց կապը միշտ պահպանվել է: Նրա՝ «Ուրարտու» տեղափոխվելուց հետո ես, բնականաբար, նրա համար ամենամոտ մարդն էի և օգնում էի ադապտացվել: Ավելի ճիշտ՝ ես օգնում էի նրան, ինչն էլ նպաստեց, որ նա հեշտությամբ մտնի թիմի կոլեկտիվ: Ընդհանրապես, մեր հարաբերությունները միշտ ջերմ են եղել:

  • Կիսվել: