շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Բնապահպանները զգուշացնում են՝ Սև ծովում թունավոր ձկներ են տարածվում

Բնապահպանները զգուշացնում են՝ Սև ծովում թունավոր ձկներ են տարածվում

Մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ ձկնաբանները, Ուկրաինայի պետական բնապահպանական ծառայությունները և ինքնահռչակ Աբխազիայի հանրապետությունը, հաստատել են Սև ծովում ինվազիվ տեսակի՝ արծաթափայլ տետրադոն ձկան (Lagocephalus sceleratus), որը հայտնի է նաև որպես ֆուգո-ձուկ կամ փուչիկավոր ձուկ, հայտնվելը, որը մահացու է սննդի մեջ գործածելու դեպքում, գրում է jnews.ge-ն:

Այս արևադարձային գիշատիչը, որը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից է՝ Միջերկրական ծով է մտել Սուեզի ջրանցքով և 2014 թվականից ի վեր սկսել է տարածվել Սև ծովում։ Ձուկը պարունակում է հզոր նեյրոտոքսին՝ տետրոդոտոքսին, որը ազդում է մարդու նյարդային համակարգի վրա և կարող է մահացու թունավորում առաջացնել նույնիսկ նվազագույն օգտագործման դեպքում։

Իխտիոլոգ Արչիլ Գուչմանիձեն հայտնել է արծաթափայլ տետրադոնի որսի մասին Վրաստանի ափին՝ Չաքվիսծղալի գետի ափի տարածքում, և հրապարակել է լուսանկար, որը հաստատում է այդ գտածոն։ Միևնույն ժամանակ, Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտարարում է, որ երկրի ափերի մոտ այս վտանգավոր ձկան առկայության վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Միաժամանակ, ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի էկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռոման Դբարը նշել է, որ ձուկն արդեն հանդիպում է Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում՝ Ուկրաինայի ափերի մոտ, և կարող է տարածվել էլ ավելի այն կողմ։

«Այս ձկան չափսերից և նրա բնորոշ փշոտ ծածկույթից ելնելով՝ այն խոհարարական հետաքրքրություն չի ներկայացնում։ Բայց ամեն դեպքում, մարդկանց պետք է տեղեկացնել, որ այն չպետք է ուտեն։ Ֆուգու ձուկը դեռևս չի գրանցվել Աբխազիայի ափերի մոտ. այստեղ ոչ ոք նրան չի տեսել։ Ապացույցների մեծ մասը վերաբերում է Սև ծովի հյուսիսարևմտյան մասին՝ Ուկրաինայի ափերի մոտ։ Այնտեղից ֆուգու ձուկը կարող է հայտնվել մեր ջրերում», — ասաց բնապահպանը։

2025 թվականի հունիսին Ուկրաինայի պետական բնապահպանական տեսչությունը պաշտոնապես հաստատել է արծաթափայլ տետրաոդոնի հայտնվելն Օդեսայի մարզի ափերի մոտ և զգուշացրել էկոհամակարգի, ձկնորսության և հանրային առողջության համար լուրջ ռիսկերի մասին։ Գերատեսչությունը կոչ է անում մարդկանց լուսանկարել այս ձուկը մասշտաբի համար նախատեսված առարկայով, գրանցել կոորդինատները և հայտնաբերելու դեպքում հայտնել տեսուչներին։

Բնապահպանները նշում են, որ ջրի ջերմաստիճանի բարձրացման և գլոբալ տաքացման պայմաններում արծաթափայլ տետրադոնը Սև ծովում հետագա ակտիվ տարածման ներուժ ունի, ինչը կարող է հանգեցնել տեղական բուսական, կենդանական աշխարհին և ձկնորսությանը զգալի վնասների։

 

  • Կիսվել: