Լեհաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի դեսպանատանը՝ Կիևում տեղի ունեցած ավիահարվածի կապակցությամբ: Այս մասին ասված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
Նշենք, որ ավիահարվածի հետևանքով վնասվել է Լեհաստանի դեսպանատան շենքը։
«Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանատանը՝ ավիահարվածների կապակցությամբ։ Նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, մասնավորապես՝ 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային դիվանագիտական հարաբերությունների մասին»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել էր, որ Կիևում Լեհաստանի դեսպանատան շենքը վնասվել է ռուսական հրթիռային հարվածի հետևանքով։ Նրա խոսքով՝ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ։
Լեհաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ակնկալում է պատշաճ արձագանք միջազգային հանրությունից։