կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Վարորդը Mercedes-ով Այգեվան գյուղում կոտրել է նստարանները, տապալել էլեկտրասյունը. կան վիրավորներ

Վարորդը Mercedes-ով Այգեվան գյուղում կոտրել է նստարանները, տապալել էլեկտրասյունը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 18:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Գևորգ Հովհաննիսյանը՝ իր վարած Mercedes C-240 մակնիշի ավտոմեքենայով, Սարդարապատ գյուղից դեպի Այգեվան գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե նստարանին, առաջ ընթանալով հայտնվել գերեզմանների տարածքում, կոտրելով 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած այգեվանցի Վահան Աղախանյանի գերեզմանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հերոսի գերեզմանի մոտ:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Էդգար Մնացականյանը՝ մարմնական վնասվածքներով, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից նրանց տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Հենրրի Կոստանյանն ու Գեղամ Սմբատյանը, մինչ կժամանեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի հոսաքազրկեն նշված հատվածը:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022թ. փետրվարի 4-ին, Արմավիրի մարզի Այգևան գյուղի Մովսես Խորենացու անվան դպրոցում խոնարհումի ու մեծարման երեկո էր։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի Մովսես Խորենացու անվան դպրոցում բացվել էր արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, այգևանցի Վահան Աղախանյանի անվան ռազմագիտության դասասենյակ։  Միջոցառմանը ներկա էին լեգենդար հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու զինվորական, հյուրեր՝ Երևանից և մարզերից։ 

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ու Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։  Մինչ իր խոսքով հանդես կգար Արմավիրի մարզպետ Է. Հովհաննիսյանը, դպրոցի սաները կենդանի կատարմամբ հուզեցին ներկաներին։ Նրանք ներկայացրել էին գյուղի համար լեգենդ դարձած Վահանի կյանքը, որից հետո տեղի էր ունեցել դասասենյակի բացման արարողությունը;  Միջոցառումից հետո տեղի էր ունեցել այցելություն՝ հերոսի շիրիմին, որտեղ կատարվել էր ծաղկեդրում և խնկարկում։ 

Գ. Շամշյանի հետ զրույցում ներկաներն ասել էին. «Մեր Վահանը՝ մեր գյուղի պարծանքը, իսկական պաշտպանիչ վահան էր գյուղի համար։ Մեծի հետ  մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Նա ապացուցեց, որ իր համար հայրենիքի պաշտպանությունը սկսվում է առաջնագծից։ Իզուր չէ, որ գյուղում նրան ասում էին՝ «Վահան, դու վահան ես կարիքավորին, դու վահան ես անօգնականին», ու նա վահան դարձավ նաև թուրք-ադրբեջանական, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարում մարտնչող իր նման զինակից տղերքին։ Մենք երբեք Վահանին ու նրան նման հերոս տղերքին բացակա չենք դնի։ Նրանք՝ հանուն Հայաստանի ու Արցախի, նվիրաբերեցին իրենց համար ամենաթանկը՝ իրենց՝ Աստծո կողմից պարգևած կյանքը։ Ուրախ ենք, որ  այսուհետ մեր դպրոցի ռազմագիտության դասասենյակը կրելու է նրա անունը։ Իսկ դասասենյակում նրա անվամբ բացված փառքի սրահը մեզ համար դառնալու է թանգարան, ու ամեն անգամ մտնելով դասարան՝ ասելու ենք՝ Քեզ բացակա չենք դնի»։   

 

  • Կիսվել: