Ավտովթար Երևանում․ Գայի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, 3 «Hyundai»-ները ու «Opel»-ը․ կա վիրավոր
Հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Օնիկ Մ․-ի վարած «JIN BEY» մակնիշի, Երևանի բնակիչներ 28-ամյա Արամ Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի, 52-ամյա Արամ Գ․-ի վարած «Hyundai» մակնիշի, 59-ամյա Մեսրոպ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 40-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ս․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։