Պայքարը բիզնեսմեն տերտերների դեմ է, բայց մենք մատի ու մատանու արանքը չենք մտնի. Անի Խաչատրյան
Արտակ Զեյնալյանը փոշի մաքրելու կարիք չունի, Արտակ Զեյնալյանը հպարտությամբ եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, այս պահին այլևս կուսակցության անդամ չէ, իրեն վերաբերվող հարցերն ուղղեք Արտակ Զեյնալյանին։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է նորմալ համարում, որ իրենց կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը իր վրայից կուսակցականի փոշին մաքրեց ու մի քանի օր առաջ ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ։
«Այո, դա նորմալ եմ համարում, մարդը իր կամքով է դառնում կուսակցական, իր կամքով հեռանում է»,–ասաց նա։
Անդրադառնալով իշխանություն–եկեղեցի հակամարտությանը, Անի Խաչատրյանն ասաց. «Իշխանությունը Եկեղեցու դեմ արշավ չի սկսել։ Եկեղեցին և պետությունը արդեն տարիներ շարունակ իրար հետ համագործակցություն չունեն։ Եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ ցավոք, այս վերջին երկու տասնամյակին։ Այսօր պայքար է գնում հենց բիզնեսմեն տերտերների դեմ, ես իմ անձնական կարծիքն եմ ասում։
Ես եկեղեցի գնում եմ։ Ես շատ կուզեի ես եկեղեցի գնայի և ստանայի օրհնություն այն քահանաներից, որոնք Աստծո պահանջներով և Աստծո պատվիրաններով են եկեղեցում, բայց ցավոք սրտի, ես գնում եմ եկեղեցի և Աստծո առաջ եմ մոմ վառում»։
Հարցին՝ ինքը ևս կողմ է, որ Վեհափառը հեռանա, «Հանրապետություն» խմբակցության ղեկավարն ասաց. «Այն պատերազմը, որ գնում է քաղաքական ուժի և եկեղեցու միջեւ, ես այդ մատի և մատանու արանքը չեմ պատրաստվում մտնել։
Ես որպես մարդ, որպես Երևանցի, որպես ՀՀ քաղաքացի, իմ անձնական մոտեցումն ասեմ. ես երբեք կաթողիկոսին որպես կաթողիկոս չեմ ընդունել։ Էդ այն կաթողիկոսն է, որի կաթողիկոս ընտրվելու առաջին իսկ բառերն եղել են հոկտեմբերի 27-ին եղել Ազգային ժողովում։ Էդ էն կաթողիկոսն է, որը մի քանի ժամ թաքցրել է, որ հոկտեմբերի 27-ը եղել Ազգային ժողովում, որպեսզի իր ընտրությունները լինեն, նոր ասի, որ հանկարծ իր ընտրությունները պռավալի չգնան»։