երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
ՏԿԵՆ-ի և SCSI-ի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել

ՏԿԵՆ-ի և SCSI-ի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել

2026 թվականին նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի անվտանգության ինստիտուտի (Southern California Safety Institute – SCSI) միջև Վիեննայում կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թռիչքների անվտանգության, ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության ու կանխարգելման ոլորտներում վերապատրաստումների համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

«SCSI-ն աշխարհում եզակի մասնագիտացված կառույցներից է, որն ունի օդանավերի բեկորների ուսումնասիրման և պատահարների քննության լաբորատորիա՝ հնարավորություն տալով ավիացիոն մասնագետներին իրական օդանավերի բեկորների հիման վրա իրականացնել ավիացիոն քննություն և ուսումնասիրել օդանավերի կառուցվածքները, համակարգերն ու բաղադրիչները, ինչպես նաև հրդեհի և պայթյունի հետևանքները։

Համագործակցության շրջանակում Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի մասնագետները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մասնագիտացված վերապատրաստումների՝ զարգացնելով պատահարների քննության, ապացույցների ուսումնասիրման, մարդկային գործոնների վերլուծության և պատահարների կանխարգելման գործնական հմտությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: