Կոստանյանը պնդում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ էներգետիկ փոխկապակցվածությունը կբարձրացնի ՀՀ էներգահամակարգի կայունությունը
Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ էներգետիկ կապերի զարգացումը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի կայունությունը։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Նա պատասխանել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգերի համաձայնեցման ծրագրերի վերաբերյալ ընդդիմության ներկայացուցիչների քննադատությանը՝ կապված այն բանի հետ, որ ընդդիմադիրները նման քաղաքականությունը համարում են Հայաստանի էներգետիկան Թուրքիայի վերահսկողությանը հանձնում և նրանից կախվածություն ստեղծում:
Ըստ Կոստանյանի, սակայն, նման քննադատությունը կապված է նաև հոգեբանական և քաղաքական գործոնների հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանն ավելի քան 30 տարի փորձել է ապրել մեկուսացման մեջ՝ «ոզնու պես», սակայն նման մոտեցումը հաջողություն չի բերել։
«Պատմությունը ցույց է տալիս, որ դա հաջողության չի հանգեցնում։ Եթե վերցնենք Եվրամիության օրինակը, ապա եվրոպական երկրները որոշակի պահի հասկացան, որ լրացուցիչ փոխկապակցվածության շնորհիվ հնարավոր է նրանցից յուրաքանչյուրի համար ապահովել շատ ավելի նշանակալի տնտեսական արդյունքներ»,-ասել է Կոստանյանը։
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ լրացուցիչ էներգետիկ կապերը Հայաստանի էներգահամակարգն ավելի կայուն կդարձնեն։
Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն համապատասխան ծրագրեր է իրականացնում Վրաստանի հետ, իսկ Իրանի հետ կառուցում է էլեկտրահաղորդման երրորդ գիծը։
Անդրադառնալով Թուրքիայի էներգահամակարգի հետ հնարավոր մերձեցման թեմային՝ նա հայտարարել է, որ Թուրքիան եվրոպական էներգետիկ տարածքի մաս է, որը գործում է տեխնիկական և նորմատիվ բարձր չափանիշներով։
«Ներկայում քննարկվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ փոխկապակցվածության ապահովումը, այսպես կոչված, կղզիային մեթոդով։ Իսկ եթե հեռանկարում խոսենք լիարժեք համաժամացման մասին, դա կնշանակի, որ մենք ստիպված կլինենք մեր համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»,- պարզաբանել է Կոստանյանը։
Ըստ նրա՝ այդ դեպքում խոսքը կլինի ոչ թե սոսկ Թուրքիայի հետ համաժամացման, այլ եվրոպական էներգետիկ տարածքին միանալու մասին։ Դրա համար կպահանջվի եվրոպական էներգացանցի համաձայնությունը, որն իր տեխնիկական պահանջներն է ներկայացնում։



