երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ԱՄՆ գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին վտարել միգրանտներին երրորդ երկրներ

ԱՄՆ գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին վտարել միգրանտներին երրորդ երկրներ

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումը՝ իրենց հայրենիքից բացի այլ երկրներ, հաղորդել է BBC News-ը։

Դատավորները չեղյալ են հայտարարել ստորին ատյանի դատարանի որոշումը, որը պահանջում էր կառավարությանը տալ միգրանտներին «իրական հնարավորություն»՝ պաշտոնյաներին տեղեկացնելու, թե ինչ ռիսկերի են նրանք բախվելու երրորդ երկիր արտաքսվելու դեպքում: Դատարանի երեք լիբերալ դատավորները դեմ են արտահայտվել մեծամասնության որոշմանը՝ ասելով, որ այն «խրախուսում է անօրինականությունը»:

Գործը վերաբերում է Մյանմարից, Հարավային Սուդանից, Կուբայից, Մեքսիկայից, Լաոսից եւ Վիետնամից ութ միգրանտների, որոնք մայիսին արտաքսվել էին ենթադրաբար Հարավային Սուդան ուղեւորվող ինքնաթիռով։ Թրամփի վարչակազմը նրանց անվանել է «վատթարագույններից վատթարագույնը»։

Բոստոնից ԱՄՆ օկրուգային դատավոր Բրայան Մըրֆին որոշել է, որ արտաքսումը խախտում է 

ապրիլին իր արձակած հրամանը, որի համաձայն՝ միգրանտները պետք է կարողանան ապացուցել, որ երրորդ երկրներ ուղարկվելու դեպքում իրենց կխոշտանգեն կամ կսպանեն, նույնիսկ եթե նրանց մյուս դատական բողոքարկումներն արդեն անհաջող էին եղել։

Թրամփի վարչակազմը հայտնել է, որ ութ միգրանտները ԱՄՆ-ում կատարել են «սարսափելի հանցագործություններ», այդ թվում՝ սպանություն, հրկիզում եւ զինված կողոպուտ: Սակայն միգրանտների փաստաբանները գերագույն դատարան ներկայացված հայցում նշել են, որ ձերբակալվածներից շատերը քրեական անցյալ չունեն:

 

Անցյալ ամիս գերագույն դատարանը թույլ էր տվել Թրամփին վենեսուելացիներին զրկել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից, ինչը վերաբերում էր մոտ 350 հազար միգրանտների: Մայիսին կայացված մեկ այլ որոշմամբ դատավորները նշել են, որ ԱՄՆ նախագահը կարող է ժամանակավորապես կասեցնել մարդասիրական ծրագիրը, որը թույլ է տվել Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից եւ Վենեսուելայից գրեթե կես միլիոն միգրանտների երկու տարի մնալ ԱՄՆ-ում:

 

 

  • Կիսվել: