ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
ՎԶԵԲ-ի պատվիրակության հետ քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի ֆինանսավորմանը և ժամկետներին առնչվող հարցեր

ՎԶԵԲ-ի պատվիրակության հետ քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի ֆինանսավորմանը և ժամկետներին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի ենթակառուցվածքների տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովան և բանկի երևանյան գրասենյակի գլխավոր բանկիր, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՎԶԵԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» ծրագրին։ Քննարկվել են ծրագրի առանցքային կետերին՝ ֆինանսավորմանը և ժամկետներին վերաբերող հարցեր։

Տիկին Ղալեչյանը կարևորել է ծրագրի առաջընթացի ապահովմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի ներքո բոլոր գործընթացները սեղմ ժամկետներում իրականացնելու մասին։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող այլ ծրագրերին և պլանավորվող նախագծերին վերաբերող հարցեր։

 

  • Կիսվել: