ՀՌՀ նախագահը «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու որոշումը «մեծ սխալ» է համարում
Հայաստանում հանրապետական սփռման համար նախատեսված 8 տեղից 2-ը թափուր է։ Այս մասին ԱԺ–ում 2027 թվականի ՀՀ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նա նշեց, որ նախկինում յուրաքանչյուր տեղի համար պայքարում էր 4–5 հավակնորդ, մինչդեռ այժմ հանրապետական հեռարձակման համար նախատեսված 8 տեղից 2-ը զբաղեցված չէ։
Նշենք, որ տեղերից մեկն ազատվել է իշխող կուսակցության պատգամավորների պահանջով 2026 թվականի հունվարի 1-ից «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության դադարեցումից հետո։ Այս առնչությամբ Հակոբյանն ասաց. «Այդ հեռուստաընկերությունը փակելու որոշումը ես մեծ սխալ եմ համարում։ Դրանից հետո ազատված տեղի համար երեք մրցույթ ենք անցկացրել, սակայն որևէ հայտ չի ներկայացվել»։
Նրա խոսքով՝ հեռուստալսարանի կրճատմանը զուգահեռ, երբ հեռուստադիտողները հեռուստատեսությունից տեղափոխվում են համացանց, վերջին երեք տարում հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները նվազել են 70 տոկոսով։ Միևնույն ժամանակ, ըստ Հակոբյանի, ավելանում է համացանցային հեռուստաալիքների թիվը, որոնց բովանդակությունը թեև նման է ավանդական հեռուստաալիքների բովանդակությանը, սակայն դրանք պարտավոր չեն պատրաստել հանրօգուտ հաղորդումներ կամ պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները, այդ թվում՝ եթերում բացառել ատելության խոսքն ու վիրավորանքները։
Ըստ Հակոբյանի մոտավոր հաշվարկների՝ Հայաստանում գործում է 40–50 նման համացանցային հեռուստաալիք։ Դրանցից մի քանիսն աշխատում են մասնագիտական բարձր չափանիշներով, սակայն շատերը, նրա խոսքով, ֆինանսավորվում են հենց բոլոր կանոնները խախտելու նպատակով: Արդյունքում հանձնաժողովը նմանվում է ճանապարհային ոստիկանության, որը մեծ քաղաքում կարգավորում է ընդամենը 4–5 խաչմերուկի երթևեկությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Խոսելով խնդրի լուծման մասին՝ Հակոբյանն ասաց, որ հանձնաժողովը պետք է համացանցային հեռուստատեսությունը կարգավորող գործիքակազմ ստանա։



