ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Իրանն ու ՌԴ-ն Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու ՌԴ-ն Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ հողատարածքների տրամադրման վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ փաստաթղթերը ստորագրվել են Թեհրանում։ Դրանց համաձայն՝ ռուսական «Կասպիան սերվիսեզ» կազմակերպությանը և իրանական CDTIC ընկերությանը հասանելիություն է տրամադրվել երկաթուղու ամբողջ երթուղու երկայնքով գտնվող հողատարածքներին՝ նախնական ինժեներական հետազոտություններ իրականացնելու նպատակով։ Ստորագրվել է նաև պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր։

Ըստ Նիկիտինի՝ հողատարածքներն արդեն փոխանցվել են, ինչը հնարավորություն կտա շարունակել ինժեներական հետազոտություններն ու երկարաձգել անհրաժեշտ աշխատանքների ժամկետները։

Նա նշել է, որ այս տարի ռուս մասնագետներն արդեն կառուցել են հենակետային գեոդեզիական ցանց և իրականացրել օդալուսանկարահանում։ Ներկայումս կատարվում են հիդրոօդերևութաբանական հետազոտություններ և տեղագրական նկարահանումներ։

  • Կիսվել: