հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Իրանում վերանորոգվում են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային և արևելյան հատվածները

Իրանում վերանորոգվում են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային և արևելյան հատվածները

Իրանի մշակութային ժառանգության նախարարության և Իրանի հայոց թեմի առաջնորդարանի խորհրդի համագործակցությամբ շարունակվում են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավային և արևելյան հատվածների վերականգնման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է պատմական կառույցի ճարտարապետական արժեքները պահպանելու և այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով, գրում է parstoday.ir-ը:

«Էթելաաթ օնլայն»-ի հաղորդմամբ՝ Սպահանի մշակութային ժառանգության տեխնիկական հանձնաժողովի պատասխանատու Հադի Ալլահիարին հայտարարել է, որ եկեղեցու վերականգնման համար պետական բյուջեից միջոցներ են հատկացվել, և մինչ այժմ վերականգնվել է կառույցի տանիքի ավելի քան 1000 քառակուսի մետր մակերեսը։

Անդրադառնալով եկեղեցու կառուցվածքային վնասվածքներին և որոշ հատվածների մաշվածությանը, նա հավելել է, որ նախատեսվում է վերականգնել նաև եպիսկոպոսական դահլիճը, հարակից տարածքներն ու համալիրի ինժեներական ենթակառուցվածքները։ Եկեղեցու հարավային հատվածի վերականգնումն իրականացվել է՝ պահպանելով ճարտարապետական նախնական ոճն ու առանձնահատկությունները։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Իրանի հայության կարևորագույն պատմական հուշարձաններից է և միջազգային մակարդակով Հայաստանի ու Իրանի ընդհանուր մշակութային ժառանգությունը ներկայացնելու նշանակալի կենտրոններից մեկը։

 

  • Կիսվել: