երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ՄԻՊ–ի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել է Վարշավայում անցկացված մասնագիտական դասընթացի

ՄԻՊ–ի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել է Վարշավայում անցկացված մասնագիտական դասընթացի

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան հունիսի 9-13-ը Վարշավայում՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ակադեմիայում, մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանություն. Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը» խորագրով դասընթացի։

Միջոցառումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) համատեղ նախաձեռնությամբ։

Դասընթացի մասնակիցներին ողջունել են Լեհաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Մարչին Վիոնցեկը, ODIHR-ի ղեկավար Մարիա Թելալյանը, ինչպես նաև ODIHR-ի մարդու իրավունքների ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էնդրյու Գարդները։

Մասնակցելով դասընթացին՝ տարբեր երկրների՝ այդ թվում Հունաստանի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Վրաստանի, Ալբանիայի, Թուրքիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի, Չեխիայի և այլ պետությունների ազգային հաստատությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել փոխանակելու լավագույն փորձը, քննարկելու ոլորտային մարտահրավերները և մշակելու գիտելիքների ու հմտությունների կիրառման արդյունավետ մոդելներ։

Դասընթացի նպատակն էր խթանել համագործակցությունը մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջև, ինչպես նաև ամրապնդել դրանց կապը ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի հետ։

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է աշխատակազմի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ ընդգծելով միջազգային համագործակցության, մասնագիտական առաջընթացի և փորձի փոխանակման կարևոր դերը պաշտպանական ինստիտուտի գործունեության որակական բարձրացման գործում։

  • Կիսվել: