ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուtեն Վարշավա կատարած այցի ընթացքում խոստացել է պաշտպանել Լեհաստանի տարածքի յուրաքանչյուր թիզը՝ այդ երկրի տարածքում ռուսական երեք օդային օբյեկտների անկումից հետո: Այս մասին տեղեկացնում է dpa-ն։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարվածների ֆոնին։
 

«Ես կարող եմ երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Լեհաստանի տարածքի յուրաքանչյուր թիզը»,-ասել է Ռյուտեն՝ տեղի ունեցածն անվանելով ակնհայտորեն վտանգավոր միջադեպ:

Նա նաև հայտնել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն անընդհատ գնահատում է դաշինքի զսպման և պաշտպանության վիճակը։

Ըստ Ռյուտեի՝ ՆԱՏՕ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սպառնալիքները բացահայտելու և անհրաժեշտության դեպքում պաշտպանական ծրագրերը ճշգրտելու համար։

Լեհաստանի կառավարության տվյալներով՝ ռուսական երեք օդային օբյեկտներ մտել են երկրի օդային տարածք, ապա ընկել դրա տարածքում։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ դրանցից երկուսը, ենթադրաբար, թևավոր հրթիռներ են եղել, երրորդը՝ անօդաչու թռչող սարք։ Տուժածներ չկան։