երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Քննարկվում է 1991-2025-ին դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար Երևանի ավագանու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Քննարկվում է 1991-2025-ին դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար Երևանի ավագանու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Նախորդ 10-ամյակներում մի շարք համայնքային գույքեր, հատկապես մանկապարտեզների տարածքներ, օտարվել են, ինչի հետևանքով 1000-ավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից: Գոյացել են հերթեր, որոնք մինչ օրս շարունակում են լինել, չնայած վերջին տարիներին էականորեն նվազել են: Խնդիրն առկա է, և այդ խնդիրը տարիներ շարունակ խոսակցությունների մակարդակով եղել է: Տվյալ հարցի հետ կապված՝ անհրաժեշտ է, որպեսզի Երևանի ավագանին իր դիրքորոշումը հայտնի: Այդ մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ ներկայացնելով «1991-ի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թ. Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների, մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող՝ Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

«Անհրաժաշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել, թե ինչ է իրականում տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել, ում կողմից, ում համար, ինչ վնաս է կրել համայնքը, գույքային ինչ վնաս է կրել, և ինչպիսի հերթեր են գոյացել:

Նախագիծն ի սկզբանե կազմվել էր 1996-2018 թվականի ժամանակաշրջանի վերաբերյալ, բայց առաջարկ եղավ «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից, որպեսզի ժամանակաշրջանն ընտրվի 1991-2025 թվականը»,- ասաց նա:

Արմեն Գալջյանը նաև պարզաբանեց, թե սկզբից ինչու էին ընտրվել 1996-2018 թվականները: Ըստ այդմ՝ Երևանում տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվել են 1996 թվականից՝ 1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո, դա է պատճառը, որ ընտրվել էր այդ ժամակահատվածը: Իսկ ընտրվել էր մինչև 2018-ը, որովհետև խմբակցության ղեկավարը՝ որպես նախաձեռնող, ակնհայտ է համարում, որ 2018-ից հետո այդպիսի գործեր չեն եղել:

Ըստ Գալջյանի՝ հանձնաժողովը բաղկացած է լինելու 12 անդամից, յուրաքանչյուր խմբակցությունից՝ 3 անդամ: Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել աշխատանքներին:  

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է իրավական հետևանքներ լինեն, եթե հանձնաժողովի աշխատանքի արդյունքում որոշ փաստեր ի հայտ գան, Արմեն Գալջյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե աշխատանքների ընթացքում այդպիսի տվյալներ ի հայտ եկան, դրանք կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն»:  

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հետաքրքրվեց՝ եթե փաստեր վեր հանվեն, բայց գործերի վաղեմության ժամկետի խնդիր լինի, ի՞նչ պետք է անել, քանի որ այդ դեպքում դա իրավական հետևանք չի ունենալու, Արմեն Գալջյանը պատասխանեց. «Պատճառված վնասի հետևանքները վերացնելու համար վաղեմության ժամկետը մեզ չի խանգարի»:

  • Կիսվել: