հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Օդապարիկով կիրականացվի բացառիկ թռիչք Արագած լեռան գագաթների վրայով` դեպի Երևան-Գառնի տարածք

Օդապարիկով կիրականացվի բացառիկ թռիչք Արագած լեռան գագաթների վրայով` դեպի Երևան-Գառնի տարածք

Հունվարի 17-ին օդապարիկով բացառիկ թռիչք է իրականացվելու Գյումրիից Արագած լեռան գագաթների վրայով` դեպի Երևան-Գառնի տարածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սքայբոլ» ընկերության հիմնադիր, Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանը։

Նա նշել է, որ այս նախաձեռնությունն իրենց ևս մեկ քայլով կմոտեցնի համաշխարհային ռեկորդին, որը փորձելու են սահմանել իրենց ռուս ընկեր Սերգեյ Բաժենովի հետ:

՛՛Մենք որոշել ենք բացառիկ թռիչք կատարել Հայաստանում` Գյումրիից Արագած լեռան գագաթների վրայով` դեպի Երևան-Գառնի տարածք:

Թռիչքը սկսելու ենք վաղը` հունվարի 17-ին, առավոտյան 06:00, Գյումրիից: Ընդհանուր թռիչքի տևողությունը լինելու է 6-7 ժամ, մինչև 5000մ բարձրության վրա:

Թռիչքի ընթացքում օգտագործելու ենք հատուկ հանդերձանք, քանի որ օդի ջերմաստիճանը լինելու է մինչև -35C: Մեզ հետ ունենալու ենք թթվածնի պաշար և իհարկե մի շարք աերոնավիգացիոն ու այլ տեխնիկական միջոցներ` թռիչքը նախատեսված երթուղով իրականացնելու համար՛՛,-նշել է Բարսեղյանը՝ խոստանալով թռիչքից գեղեցիկ լուսանկարներ հրապարակել:

 

 

  • Կիսվել: