Կառավարության որոշմամբ Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարությունն ընդունել է «Տրանսպորտային միջոց ամրացնելու մասին» որոշում. ՀՀ սեփականություն հանդիսացող՝ 15.900.000 ՀՀ դրամ արժողությամբ Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված ուսումնական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման/վերանորոգման գործընթացի որակով և ժամանակին կատարման նպատակով: Արդյունքում՝ կապահովվի ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների պատշաճ գործունեությունը։
Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Վայոց ձորի մարզ Վայք քաղաքի Ալավերդյան փողոց, 54/2 հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերել Վայք համայնքին՝ գույքը որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ համայնքի ղեկավարը գրությամբ տեղեկացրել է, որ Վայք քաղաքում առկա է 2 մանկապարտեզ, որոնք գործում են մեծ ծանրաբեռնվածությամբ, և խմբասենյակների ոչ բավարար քանակի պատճառով Վայք քաղաքի երեխաների շուրջ 25-30 %-ը զրկված է նախադպրոցական կրթության ստանալու հնարավորությունից։
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը, որը թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ-պահանջարկ համամասնությունը։
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված կարգավորումների սահմանման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես, սահմանել, որ 2026 թ. հունվարի 1-ից այդ ապրանքների դրոշմավորումն իրականացվում է նույնականացման միջոցներով՝ համաձայն հիմնական մոդելի: