շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանում զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մաhացnւթյան ցուցանիշը նվազել է

Հայաստանում զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մաhացnւթյան ցուցանիշը նվազել է

Սկսած 2005 թվականից՝ յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է զարկերակային գերճնշման դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականին այն անցկացվում է «Ճշգրիտ չափեք ձեր զարկերակային ճնշումը, վերահսկեք այն և ապրեք երկար» կարգախոսի ներքո՝ ընդգծելով զարկերակային ճնշման չափման կարևորությունը։

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) հաճախ ընթանում է անախտանիշ։ Մարդկանց շուրջ 46%-ը, տեղյակ չեն իրենց մոտ զարկերակային գերճնշման առկայության մասին: Ուստի չափազանց կարևոր է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և լինել իրազեկված սեփական ցուցանիշների վերաբերյալ՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և վերահսկելու նպատակով։

ԶԳ-ը ախտաբանական համախտանիշ է, որը բնութագրվում է սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման կայուն բարձրացմամբ (>140/90 մմ.ս.ս.)։ ԶԳ-ի առաջացման և զարգացման ընթացքում անոթային համակարգում տեղի են ունենում զգալի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնցից առավել բնորոշ են միջին և փոքր տրամագծով զարկերակների լուսանցքի նեղացումն ու անոթային դիմադրության բարձրացումը։

Ըստ կլինիկական դասակարգման՝ ԶԳ-ն բաժանվում է առաջնային (էսենցիալ) և երկրորդային (սիմպտոմատիկ) ձևերի։ Առաջնային ձևը, որն առավել տարածված է (90–95% դեպքերում), զարգանում է որպես ինքնուրույն քրոնիկ պաթոլոգիա։ Երկրորդային գերճնշումը հանդիսանում է այլ հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների հետևանք։

ԶԳ-ը հանդիսանում է սիրտանոթային հիվանդությունների (ՍԱՀ) և վաղաժամ մահացության ամենակարևոր կառավարելի ռիսկի գործոններից մեկը։ Հիվանդության բարձր տարածվածությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացող բարդությունները ԶԳ դարձնում են գլոբալ առողջապահական մարտահրավեր։

Վերջին տասնամյակների ընթացքում ԶԳ-ն գլոբալ բեռը զգալիորեն աճել է՝ պայմանավորված բնակչության ծերացման, ուրբանիզացիայի, ինչպես նաև կենսակերպի փոփոխություններով։ 1975–2023 թթ․ ընթացքում 30–79 տարեկանների շրջանում ԶԳ ունեցող անձանց թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ 594 միլիոնից հասնելով 1.28 միլիարդի։ ԶԳ ունեցող անձանց երկու երրորդը բնակվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Կանխատեսվում է, որ մինչև 2025 թվականը ԶԳ ունեցող անձանց թիվը կհասնի 1.5 միլիարդի։

Յուրաքանչյուր տարի աշխարհում գերճնշումային հիվանդության պատճառով ավելի քան 9.4 միլիոն մարդ է մահանում։ Գերճնշումային հիվանդության հետ են կապում ՍԱՀ-ից մահվան բոլոր դեպքերի 20-50% և րնդհանուր մահվան դեպքերի 13%-ը:

Հաշվի առնելով գերճնշումային հիվանդության տարածվածությունը և բարձր մահացությունը,

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվել է թիրախ՝ կրճատել ԶԳ-ն տարածվածությունը 33%-ով մինչև 2030 թվականը:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2023 թվականին զարկերակային գերճնշումային հիվանդության առաջնակի հիվանդացության մակարդակը կազմել է 1042.1 դեպք 100 000 բնակչի հաշվով։ Այն գրեթե չի փոփոխվել 2015 թվականի համեմատությամբ (1039.0/ 100 000):

Միևնույն ժամանակահատվածում, սակայն, զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 23.3-ից հասնելով 12.2/ 100 000։ Մահացության մակարդակի դիտարկվող դրական դինամիկան կարող է բացատրվել այն փաստով, որ 2015 թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերմանն ուղղված զանգվածային սքրինինգային ծրագիր։ Ծրագրի շրջանակներում քաղաքացիներն ունեն հնարավորություն այցելել իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություն և անցնել համապատասխան հետազոտություններ: Այս մոտեցումը նպաստել է հիվանդության վաղ հայտնաբերմանը, առավել արդյունավետ հսկողությանը և արդյունքում՝ մահացության զգալի կրճատմանը։

Զարկերակային գերճնշումը հանդիսանում է բազմաթիվ լուրջ պաթոլոգիաների զարգացման հիմնական ռիսկի գործոն՝ զգալիորեն մեծացնելով սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, փականային պաթոլոգիաների, առիթմիաների, քրոնիկական սրտային անբավարարության, ուղեղային կաթվածի, դեմենցիայի, քրոնիկական երիկամային անբավարարության, ծայրամասային զարկերակների հիվանդությունների և անևրիզմաների առաջացման հավանականությունը։ Սրտամկանի ինֆարկտի կառավարելի ոիսկի գործոնների շարքում ԶԳ-ը զիջում է միայն ծխելուն:

Զարկերակային գերճնշման զարգացումը պայմանավորված է ժառանգական, վարքագծային և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ, որոնց զգալի մասը, սակայն, ենթակա է կառավարման։

Կառավարելի ռիսկի գործոններ՝

• Սննդային խանգարումներ․ սննդակարգում հավելյալ քանակի աղի առկայությունը, կալիումի պակասը, ինչպես նաև տրանսճարպերով հարուստ սննդակարգի օգտագործումը նպաստում են զարկերակային ճնշման կայուն բարձրացմանը։

• Ավելցուկային քաշ և ճարպակալում․ մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացումը և գոտկատեղի շրջագծի մեծացումը համարվում են գերճնշման անկախ ռիսկի գործոններ։ Իրականացված հետազոտությյունների արդյունքները վկայում են այն մասին, որ ավելցուկային քաշ ունեցող անձանց մոտ գերճնշման ռիսկը կրկնապատկվում է, իսկ ճարպակալմամբ անձանց մոտ՝ եռապատկվում։

• Ֆիզիկական ցածր ակտիվություն․ նստակյաց կենսակերպը նպաստում է ԶԳ ռիսկի բարցրացմանը, իսկ չափավոր և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը՝ հատկապես ճարպակալում ունեցող անձանց մոտ, կարող է զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշումը։

• Ալկոհոլի չարաշահում․ առկա է հաստատված դոզայից կախված ուղիղ կապ՝ ալկոհոլի ընդունման և զարկերակային ճնշման միջև։

• Ծխախոտի օգտագործում․ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը նպաստում է անոթային էնդոթելի վնասմանը, բարձրացնելով ինչպես գերճնշման, այնպես էլ սիրտանոթային բարդությունների զարգացման ռիսկը։

• Շրջակա միջավայրի աղտոտում․ մասնավորապես՝ օդում առկա PM2.5 տեսակի մասնիկների երկարաժամկետ ազդեցությունը դիտվում է որպես կարևոր ռիսկի գործոն։

• Սթրես և հոգեկան գերլարվածություն․ քրոնիկ սթրեսային վիճակները կարող են խաթարել անոթային կարգավորումը՝ նպաստելով զարկերակային ճնշման կայուն բարձրացմանը։

Անկարավարելի ռիսկի գործոններ՝

• Տարիք․ ≥65 տարեկան անձանց շրջանում ԶԳ տարածվածությունը հասնում է մինչև 40%-ի

• Ժառանգական նախատրամադրվածություն․ ընտանեկան անամնեզի առկայությունը զգալիորեն մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը։ Էպիգենետիկ մեխանիզմները, պայմանավորված արտաքին ազդեցություններով, կարող են էլ ավելի ուժեղացնել այդ ռիսկը։

• Ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ շաքարային դիաբետը, քրոնիկական երիկամային հիվանդությունները և քնի ապնոեի համախտանիշը բարձրացնում են զարկերակային գերճնշման զարգացման ռիսկը։

Զարկերակային գերճնշման արդյունավետ կանխարգելման ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լինի կառավարելի ռիսկի գործոնների համակարգված վերահսկմանն ու նվազեցմանը։ Առանձնահատուկ կարևորություն ունի զարկերակային ճնշման պարբերական չափումը և հիվանդության վաղ հայտնաբերումը, ինչը պետք է իրականացվի ինչպես պետական սքրինինգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ բնակչության՝ ինքնուրույն հսկողության միջոցով։

Բուժման գործընթացում առաջնահերթ նպատակը պետք է լինի ոչ միայն զարկերակային ճնշման կարգավորումը, այլև հիվանդության բարդությունների կանխարգելումը։ Դրան հասնելու համար կենսական նշանակություն ունի պացիենտի ակտիվ ներգրավվածությունը բուժման գործընթացում՝ առողջ ապրելակերպի որդեգրման, դեղորայքային թերապիայի խստորեն պահպանման և բժիշկ-հիվանդ արդյունավետ համագործակցության միջոցով։

  • Կիսվել: