շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման ընթացակարգում փոփոխություն է կատարվել

Երևանի Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման ընթացակարգում փոփոխություն է կատարվել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման աշխատանքների շրջանակներում նախատեսված է եղել կառուցել վերգետնյա գազատար և գազաբաշխիչ կայան։ Աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ Մասիս-Նուբարաշեն ճանապարհի եզրով վերգետնյա գազատարի կառուցման դեպքում կփակվեն ճանապարհին հարակից Մասիս համայնքի վարչական սահմաններում գտնվող հողատարածքների մուտքերը, ինչի պատճառով որոշում է կայացվել տվյալ հատվածում կառուցել ստորգետնյա գազատար։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի առաջարկով փոփոխվել է նաև գազաբաշխիչ կայանի և դրա ներսի սարքավորումների տեղադիրքերը։

Նշված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում կատարել որոշ աշխատանքների ծավալների ավելացում, ինչպես նաև որոշ աշխատանքների փոխարինում չնախատեսված լրացուցիչ աշխատանքներով։

Նախագծով առաջարկվում է թույլատրել Երևանի քաղաքապետարանին՝ Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման աշխատանքների գնման պայմանագրում կատարել փոփոխություն:

Նախագծով առաջարկվող ծավալների փոփոխության դեպքում կապալային աշխատանքների կատարման պայմանագրի արժեքը չի փոփոխվում, իսկ փոփոխված ծավալների համադրման գումարը հաշվարկվում է 110,026,165 ՀՀ դրամ։

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել։

  • Կիսվել: