երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի ծրագիրը, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ոչ. իսրայելական կողմ

Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի ծրագիրը, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ոչ. իսրայելական կողմ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկից, մինչդեռ իսրայելական կողմը համաձայն է այդ ծրագրին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Գրասենյակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի նորացված ծրագիրը, որն ուղղված է մեր պատանդների ազատ արձակմանը, սակայն ՀԱՄԱՍ-ը նախկինի պես հավատարիմ է մերժման իր դիրքորոշմանը։ Ինչպես նշել Է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ի պատասխանն անընդունելի է և  գործընթացը հետ է մղում»:

Հաղորդվում է նաև, որ  Իսրայելը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել իր պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար:

Նշենք, որ ավելի վաղ Շարժումը միջնորդներին էր փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Ուիթքոֆի առաջարկին իր պատասխանը:

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ էլ ասված է, որ ապագա համաձայնագրի շրջանակներում շարժումը պատրաստ է ազատ արձակել 10  իսրայելացի պատանդների և հանձնել 18 զոհվածների մարմինները ՝ պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի Իսրայելի բանտերից դուրս գալու դիմաց:

ՀԱՄԱՍ-ը նաև պահանջել է մշտական հիմունքներով դադարեցնել կրակը Գազայում և դուրս բերել իսրայելական զորքերն ու  ապահովել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը:

  • Կիսվել: