ՄԻՊ-ի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում հաղորդման 2024թ. տարեկան ու զեկույցի ներկայացման շրջանակում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում 2024թ. տարեկան հաղորդման ու զեկույցի ներկայացման շրջանակում հանդես է եկել եզրափակիչ ելույթով.
«Ազգային ժողովի հարգարժան փոխխոսնակ,
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Իրականում եզրափակիչ ելույթս այլ տրամաբանությամբ էի կառուցել, սակայն ստիպված եմ այն փոփոխել՝ նկատի ունենալով այն, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի դահլիճում։
Չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական բանավեճի մշակույթն իրապես անթույլատրելի է։ Մենք բոլորս պետք է փորձենք ամեն ինչ անել ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճ ունենալու համար։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Խորհրդարանում, խորհրդարանական պետության համար անթույլատրելի է։
Ըստ էության, բազմիցս եմ առիթ ունեցել խոսելու առանձին խնդիրների մասին, հետևաբար, այժմ կխոսեմ մարդու իրավունքների տեսանկյունից մի քանի ստանդարտների մասին։
Պետք է արձագանքեմ նաև որոշ պատգամավորների ելույթներին, որովհետև դրանք որոշակի առումով ձևավորում են հանրային ընկալումներ մարդու իրավունքների առնչությամբ։ Օրինակ՝ տիկին Լիլիթ Գալստյանը, չնայած այս պահին դահլիճում չէ, իր ելույթի ժամանակ անհասկանալի տրամաբանությամբ մեղադրանք հնչեցրեց իմ և մեր հաստատության հասցեին՝ խոսելով այն մասին, թե քաղաքականապես չեզոք չենք։ Անկեղծ ասած, չեմ ցանկանա այս հարցի հետ կապված անդրադառնալ հիմնավորումներին կամ դրանց բացակայությանը, սակայն այստեղ մի այլ զավեշտալի հանգամանք կա։ Մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական չեզոքության կամ դրա բացակայության մասին հայտարարություն է անում քաղաքական մի ուժի ներկայացուցիչ, որը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել էր ակնհայտ քաղաքական գործունեություն իրականացնող անձի՝ քաղաքական գործչի թեկնածություն։ Ավելին, այնպիսի քաղաքական գործչի, ով մարդու իրավունքների տեսանկյունից նույնիսկ տարրական կանոններն ու սկզբունքները չի պահպանում, ամենօրյա ռեժիմով ատելության խոսք է տարածում գրեթե բոլոր հիմքերով (նրա կողմից սեռով պայմանավորված ատելության խոսքի թիրախ դարձել եմ նաև ես), այդ թվում՝ պայմանավորված գենդերային հավասարության և մի շարք այլ հիմքերով։ Սա, ըստ էության, մարդու իրավունքների ամենատարրական կանոնների խախտում է և ցույց է տալիս ոչ միայն առաջադրված անձի, այլ նաև առաջադրողների մոտեցումները մարդու իրավունքների և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ։ Ավելին, նման անձի առաջադրելուց բացի, նշված քաղաքական ուժերը չեն քննադատել կամ հակազդել մարդու իրավունքներին հակասող նրա հակաիրավական խոսույթին։ Եվ դա ակնհայտ է դարձնում այն հանգամանքը, որ այդ ուժերը և դերակատարները կիսում են նրա տեսակետները։
Հետևաբար, եթե մենք անընդհատ խոսում ենք պատգամավորական էթիկայի և դրա սկզբունքների մասին, ապա պետք է արձանագրեմ, որ սա ևս պատգամավորական էթիկայի և վարքականոնների առերևույթ խախտում կարող է լինել՝ հիմնված մարդու իրավունքների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի ու մոտեցումների վրա։ Մշտապես եմ նշում, որ պատգամավորական էթիկայի խախտումները պետք է դառնան քննարկման առարկա, այդ թվում՝ նմանատիպ դեպքերում։
Անկեղծ ասած, այս համատեքստում մի քանի հարց ունեմ, որովհետև, ըստ էության, պատգամավորը խոսել է մեր կողմից քաղաքական չեզոքության խախտման մասին, բայց կոնկրետ հիմնավորումներ այդ առնչությամբ չի ներկայացրել։ Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ փորձեմ մի քանի մտքեր բարձրաձայն քննարկելու միջոցով ինքնս ստանալ պատասխաններ քաղաքական չեզոքության առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Արդյո՞ք պատգամավոր Լիլիթ Գալստյանը և նրա գործընկերները քաղաքական չեզոքության խախտում են համարում այն, որ ես համարում եմ, որ քաղաքացիների խնդիրները Խորհրդարանի պատգամավորներից մեր հաստատության հետ հաղորդակցության միջոցով ամենից հաճախ բարձրաձայնող պատգամավորներից է պարոն Արծվիկ Մինասյանը, ով հենց «Հայաստան» խմբակցության անդամ է։ Նա, ի տարբերություն իր քաղաքական մի շարք գործընկերների, մեզ հետ վարում է բարձր ստանդարտներով էթիկական հաղորդակցություն։ Անընդհատ է բարձրաձայնում խնդիրներ, որոնք վերաբերում են սովորական քաղաքացիներին, այլ ոչ խոսում է խնդիրների մասին՝ զուտ պահի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ես դա հրապարակայնորեն գնահատել եմ և շարունակում եմ գնահատել։ Արդյո՞ք սա քաղաքական չեզոքության խախտում է, թե՞ ոչ։ Կամ այն, որ, օրինակ՝ ասորական համայնքի հետ կապված բազմաթիվ հարցեր մշտապես քննարկման առարկա ենք դարձնում և փորձում ենք լուծումներ գտնել «Հայաստան» խմբակցությունից տիկին Իրինա Գասպարյանի հետ։ Այս շարքը կարող եմ շարունակել, բայց ոչ երկար ձևաչափով, քանի որ շատ չեն քաղաքական ընդդիմությունը ներկայացնող այն պատգամավորները, որոնք նման էթիկական ստանդարտներ պահպանելով՝ մեզ հետ հաղորդակցության միջոցով քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցեր են բարձրաձայնում և փորձում համատեղ լուծումներ գտնել։ Հատուկ եմ ուզում արձանագրել, որ այդ պատգամավորների շարքին չեն դասվում տիկնայք Էլինար Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը։ Կարևոր է շեշտել, որ կարիքն ունեցող քաղաքացիների հետ կապված հարցերն անընդհատ բարձրաձայնելը մի բան է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով խնդիրների մասին խոսելը ու խնդիրները քաղաքական նպատակով օգտագործելը՝ այլ։
Ցանկանում եմ խոսել մեկ այլ հանգամանքի մասին՝ համադրված եղանակով անդրադարձ կատարելով տիկին Էլինար Վարդանյանի և պարոն Գառնիկ Դանիելյանի ելույթներին, որովհետև կարծես թե այստեղ պարոն Դանիելյանը փորձում էր համեմատություն անել Մարդու իրավունքների տարբեր ժամանակների պաշտպանների միջև, իսկ տիկին Վարդանյանն էլ մեր վերջին ժամանակների հայտարարություններից էր օրինակներ ընթերցում։ Նախ, ամոթալի եմ համարում նման մոտեցումը, որովհետև պատգամավորները պետք է նպաստեն ՄԻՊ հաստատության և Մարդու իրավունքների տարբեր պաշտպանների միջև սոլիդարության ձևավորմանը, իսկ նման վարքագիծը հակառակին է նպաստում։ Ես Մարդու իրավունքների բոլոր ժամանակների պաշտպաններին վերաբերվում եմ շատ սոլիդար և արժևորում եմ նրանց անգնահատելի վաստակը մեր հաստատության գործունեությունը կարևոր մակարդակի բարձրացնելու հարցում։
Հարգելի գործընկերներ, բայց օրինակ՝ արդյո՞ք կարդացել եք Սարի թաղի դեպքերի վերաբերյալ 2016 թվականի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային խոսքը, երբ բերվում էին հստակ հիմնավորումներ, թե հավաքը եղել է ոչ խաղաղ բնույթի և մանրամասն հիմնավորվում էր այդ հանգամանքը՝ իհարկե ոստիկանության կողմից բռնության մասին ևս խոսելով։ Կամ, երբևէ տեղեկացված եղե՞լ եք այն դեպքերից, երբ անկախ պաշտոնյան նույն տարիներին գնում էր խոշտանգումներով ամենահայտնի քրեակատարողական հիմնարկ (աշխարհագրական տեղանունը չեմ նշի՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված) և վերջում հաղորդագրություն տարածում, որ բռնության վերաբերյալ իրենց որևէ բողոք չի ներկայացվել։
Ընդ որում՝ խոսում ենք 2016 թվականի մասին, երբ Հայաստանում Մարդու իրավունքների մեկ այլ պաշտպան անհասկանալի պատճառներով ներկայացրել էր հրաժարական։ Ըստ էության, դա ինձ համար շատ կարևոր հանգամանք է. ոչ թե հրաժարական էր ներկայացրել այլ պաշտոնի կամ աշխատանքի տեղափոխվելու նպատակով, այլ անհասկանալի պատճառներով։ Հարց է առաջանում՝ այդ նույն ժամանակահատվածում, բացի առանձին հրապարակային ելույթներ հնչեցնելուց, երբևէ նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, որպեսզի պարզվեն իրականության հանգամանքները, մասնավորապես այն, թե եղե՞լ է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտություն, թե՞ ոչ՝ նկատի ունենալով նաև այդ ժամանակ տարածվող տարատեսակ տեղեկությունները։
Դեպքերի մասին կարող եմ շատ խոսել, սակայն այստեղ կանգ կառնեմ և բոլորին կոչ կանեմ ոչ թե նպաստել ՄԻՊ հաստատությունում սոլիդարության բացակայության ձևավորմանը, այլ հակառակը՝ նպաստել ՄԻՊ հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանների միջև սոլիդարության ձևավորմանը, որովհետև դա բոլորի պարտականությունն է, այլ ոչ մի քանի կոնկրետ անձանց։
Տիկին Էլինար Վարդանյանը խոսեց լրագրողների մասին: Անկեղծ ասած, չգիտեմ այդ որտեղից է նա ենթադրել կամ, որ լրագրողների հետ է զրուցել, որոնք տեղյակ չեն եղել մեր հրապարակումից։ Պատգամավորի հայտարարությունը տարօրինակ է՝ նաև այն հանգամանքը նկատի ունենալով, որ լրագրողների հետ մշտապես անձնապես եմ շփվում և շատ հաճախ, ու այդ հարցը լրագրողների հետ անձամբ եմ քննարկման առարկա դարձրել։ Հետևաբար, խնդրում եմ չանել այնպիսի հայտարարություններ, որոնք նվազեցնում են ձեր խոսքի արժանահավատությունը։ Հայտարարությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա։
Կարող եմ երկար խոսել բոլոր այն դեպքերի մասին, որոնց առնչությամբ ունեցել ենք տարբեր արձագանքներ, բայց այստեղ ներկայացվեց խեղաթյուրված տեղեկատվություն։ Օրինակ՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքի հետ կապված բազմաթիվ հրապարակային ելույթներ եմ ունեցել։ Այս և այլ դեպքերից անմիջապես հետո հրապարակային հայտարարություն ենք ունեցել։
Ավելին, այստեղ բոլորը փորձում են տպավորություն կամ ընկալումներ ձևավորել, թե ՄԻՊ հաստատությունը ինչպես պետք է աշխատի։
Օրինակ՝ նախօրեին միտք լսեցի, թե մենք, լինելով խոշտանգումների կանխարգելման ազգային մարմին, բացի արձանագրելուց և պետական մարմիններին պահանջներ ներկայացնելուց, պետք է նաև ինչ-որ այլ գործողություններ կատարենք։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ միջազգային կառույցները հստակ արձանագրում են, որ տարիներ շարունակ Հայաստանում սխալ ընկալումներ են ձևավորվել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի մասին, որովհետև ձեր պատկերացմամբ մենք պետք է գնանք և բռնենք այն անձանց ձեռքից, ովքեր այդ պահին բռնություն են կիրառում։ Այդպիսի ընկալումները հակասում են միջազգային չափանիշներին։ Խոշտանգումների կանխարգելման ազգային մարմնի էությունն է իրականացնել մշտադիտարկումներ, դրա արդյունքում բացահայտել խնդիրներ, բարձրաձայնել դրանց մասին, ներկայացնել լուծման առաջարկներ և լինել հետևողական, որպեսզի այդ առաջարկները կատարվեն և այլն։
Հարգելի՛ գործընկերներ,
ՄԻՊ հաստատության գործունեության մեթոդներն իրականում այնպիսին չեն, ինչպիսին Դուք եք պատկերացնում։ Ավելին, եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ՀՀ ՄԻՊ հաստատությունը երբեք արդյունավետ չի աշխատել, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միշտ էլ նույնական մեթոդներ է կիրառել, որոնք իհարկե ժամանակի ընթացքում կատարելագործվել են և տարբեր Պաշտպանների պարագայում տարբերվող ոճ ունեցել։
Եվ քանի որ հատուկ անդրադարձա «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մեր կարևոր համագործակցությանը, քաղաքական չեզոքությունը չխախտելու համար ցանկանում եմ նաև առիթն օգտագործել և անդրադառնալ քաղաքական մեծամասնության պատգամավորներին, որոնց հետ մշտապես ենք համագործակցում՝ նաև իրենց նախաձեռնությամբ։ Պետք է անկեղծ լինեմ և արձանագրեմ, որ հենց այս պատգամավորների շրջանում են մեծ թիվ կազմում այն գործընկերները, որոնք սեփական նախաձեռնությամբ են հանդես գալիս կարիք ունեցող քաղաքացիների համար կարևոր որևէ խնդրի լուծմանը համատեղ նպաստելու նպատակով համագործակցելու առաջարկներով և փաստացի քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։
Հարգելի գործընկերներ,
Մարդու իրավունքների պաշտպանությունը մրցույթ չէ, որպեսզի փորձենք պարզել, թե ով ավելի բարձր կամ առաջինը խոսեց խնդրի մասին։ Առկա խնդիրները բոլորինս են։
Ավելին, եթե շատերին թվում է, որ միայն քաղաքական մեծամասնությունն է պետական իշխանություն ունենալու պարագայում պատասխանատու խնդիրների լուծման համար, սա սխալ պատկերացում է։ Խորհրդարանը պետական իշխանության մարմին է։ Արդյունքում՝ մանդատներ ստանալով՝ ընդդիմությունը ևս ստացել է պետական իշխանություն և պարտավոր է իր բոլոր գործիքներն օգտագործել խնդիրները լուծելու համար։ Հետևաբար, թե քաղաքական մեծամասնությունը, թե քաղաքական ընդդիմությունն են հանդես գալիս որպես պետական իշխանություն իրականացնող։
Եվ վերջում՝ վերահաստատում եմ առաջարկս՝ կառուցողական եղանակով համագործակցելու և գտնելու առկա խնդիրների համար լուծումներ, որովհետև ինչպիսի խոսքեր էլ այս դահլիճում հնչեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը կատարելագործված լինելու մասին, ես անձամբ եմ տեսնում, թե ինչն է կատարելագործվել, ինչը մնացել չկատարելագործված, տեսնում եմ նաև այն քաղաքացիներին, ովքեր իրապես գտնվում են խոցելի վիճակում, չունեն օգնության հնարավորություն։ Ավելին, այնպիսի իրավիճակ է ձևավորվում, որ, եթե նրանք հետաքրքիր չեն քաղաքական ուժերին քաղաքական նպատակներով, որևէ մեկը նրանց մասին չի էլ հիշում։ Մենք պետք է հիշենք այս ամենի մասին և համագործակցության միջոցով պաշտպանենք մեր քաղաքացիների իրավունքները՝ զերծ մնալով ցանկացած քաղաքական շահարկումից։
Հարգելի գործընկերներ,
Կոչ եմ անում հրաժարվել երկակի ստանդարտներից»։