Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հանդիպումը
Հունիսի 30-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հանդիպումը՝ 2025 թվականի ապրիլին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, տեղակալ Հովհաննես Ղուկասյանը, ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբեն Խալապյանը, կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրված յուրաքանչյուր խնդրի։
Ծառայությունը ներկայացրել է արդեն իսկ լուծումներ ստացած առաջնահերթ խնդիրները, տվել պարզաբանումներ մի շարք խնդիրների առկայության վերաբերյալ՝ ընդգծելով ներկայում դրանց լուծման անհնարինությունը՝ կապված հիմնարկի շենքային պայմանների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ։
Տեղում քննարկվել են նաև որոշ հարցերի լուծման առավել օպտիմալ տարբերակները։
Կողմերը ևս մեկ անգամ փաստել են անմիջական քննարկումների արդյունավետությունը քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները բազմակողմանի դիտարկելու, համատեղ լուծումներ գտնելու և համագործակցության եզրերն ընդլայնելու տեսանկյունից։