Քննարկում ենք զինծառայողներին և բանակին վերաբերող շատ կարևոր հարց, ու մեր ընդդիմությունն այստեղ չէ. Ալեքսանյան
Մենք քննարկում ենք զինծառայողներին և բանակին վերաբերող շատ կարևոր մի հարց, ու մեր ընդդիմությունն այստեղ չէ: Երկու խմբակցություններից ոչ մի հոգի այստեղ չէ: Այստեղ ներկա է միայն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Երկու ընդդիմադիր խմբակցություններից գեթ մեկ շունչ չկա, ու սա բնավ զարմանալի չէ, որովհետև ընդդիմությանը չի հետաքրքրում զինծառայողների բնակարանային ապահովման հարցը, չի հետաքրքրում մեր բանակի հարցը, ու առհասարակ չի մտահոգում մեր ժողովրդի ապրելակերպը:
Եվ սա պատահական չէ, որովհետև այս երկու խմբակցությունները ներգրավված են մի կոնգլոմերատում, որը մեր ազգին, հայ ազգին անվանում է «անասուն ազգ», իսկ իրենց հետևորդներին՝ «էշ», լավագույն դեպքում՝ «բջոտ էշ»:
Ու բնավ զարմանալի չէ, որ նման հարցերի ժամանակ մեր ընդդիմությունն այստեղ չէ: Այստեղ առավոտյան եկել են՝ պաշտպանելու մի օլիգարխի շահերը, մի թեթև պաշտպանության իմիտացիա են ստեղծել ու գնացել: Չկան»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ազգային ժողովը քննարկել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է ավելացնել զինծառայության մեջ գտնվող շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները: Վահագն Ալեքսանյանի ելույթը այս նախագծի համատեքստում էր: