ԱՄՆ-ի առաջատար փորձի և գերազանցության հիման վրա կխթանվի STEM և սոցիալական ձեռնարկատիրության նորարարական կրթության զարգացումը Հայաստանում
ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ, ամերիկյան և հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության զարգացման շրջանակում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Ֆլորիդայի պետական համալսարանը 2025թ․ հուլիսի 1-ին մեկնարկեցին աննախադեպ մի նախագիծ, որի նպատակն է ԱՄՆ-ի առաջատար փորձի և գերազանցության հիման վրա խթանել STEM և սոցիալական ձեռնարկատիրության նորարարական կրթության զարգացումը Հայաստանում։
Համագործակցության պաշտոնական մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության դպրոցի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Էրիկ Լիգուորին, ինչպես նաև՝ հյուրեր ԱՄՆ-ից։ Միջոցառմանը տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը, որից հետո՝ երկու համալսարանների միջև միջազգային համագործակցության պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։
Նախաձեռնությունը ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը՝ կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ ՀՊՏՀ-ում նորամուծական նախաձեռնության մեկնարկը և ընդգծելով․ «Այս ծրագիրն արտացոլում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ առաջ մղելու համատեղ նախաձեռնությունները՝ համադրելով ամերիկյան արժեքավոր փորձառությունը և հայկական ներուժը։ Մենք սկսում ենք վերափոխման մի գործընթաց՝ ոգեշնչելու նոր սերնդի ձեռնարկատերերին։ Մենք հավատում ենք, որ ձեռնարկատիրությունը միայն բիզնես հիմնելը չէ։ Այն սոցիալական առաջընթացի, աղքատության նվազեցման և համայնքների կայուն զարգացման հզոր գործիք է»։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը իր ելույթում ընդգծեց․ «Ուրախ եմ աջակցել ԱՄՆ–Հայաստան ակադեմիական համագործակցության նոր էջի բացմանը՝ Ֆլորիդայի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև այս կարևոր գործընկերության մեկնարկով։ Մենք համատեղ ներդրումներ ենք կատարում այնպիսի հմտությունների ձևավորման ուղղությամբ, որոնք կդառնան մեր երկու երկրների առաջընթացի և բարեկեցության շարժիչ ուժը»։
Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության դպրոցի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Էրիկ Լիգուորին նշեց, որ իրենց առաքելությունն է կրթել և զարգացնել նոր սերնդի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք համակողմանի պատկերացում կունենան ձեռնարկատիրության էության և STEM ոլորտի ներուժի մասին։
Ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում հիմնվել է S212 STEM սոցիալական նորարարական ինկուբատոր։ Ամերիկյան փորձի հիման վրա մշակված ձեռնարկատիրական կրթական ծրագրի իրականացմամբ նորաստեղծ ինկուբատորը կաջակցի ուսանողների ձեռնարկատիրական գաղափարների իրականացմանը՝ տրամադրելով անհրաժեշտ գիտելիք, գործիքակազմ և մենթորություն։ Ծրագրի շրջանակում ուսանողների համար կիրականացվեն ձեռնարկատիրության նոր դասընթացներ, կհզորացվեն դասախոսական և վարչական աշխատակազմերի կարողությունները և համատեղ կիրականացվի միջազգային ուսումնական COIL նախագիծը։