շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) վերացրել է երկրի օդանավակայաններից օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը, որը սահմանվել էր օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանումների պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ սահմանափակումը չեղարկելու մասին FAA-ի օպերատիվ ծանուցումը հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ կապի խնդիրներն ազդել են օդային երթևեկության կառավարման մի քանի կենտրոնների վրա, և տեխնիկական մասնագետները պարզում են խափանման պատճառը։

Սահմանափակման վերացումից հետո չվերթների չեղարկումներն ու ուշացումները շարունակվում են։ Մասնավորապես, ըստ FlightAware հարթակի, ԱՄՆ-ի ներսում, դեպի ԱՄՆ և ԱՄՆ-ից նախատեսված չվերթներից չեղարկվել է 3428-ը, ուշացել՝ 1178-ը։

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի պարզաբանմամբ՝ սահմանափակումը պայմանավորված էր օդային երթևեկության կառավարման համակարգում կապի և ռադարային տվյալների անկայունությամբ։

Ինչպես հաղորդվում է՝ նա խնդիրը կապել է հին սարքավորումների՝ տվյալներով գերբեռնվելու հետ։

  • Կիսվել: