ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ. Փաշինյան

Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ. Փաշինյան

Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից  ճշտելու հնարավորությունից: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, իմ հանդիպումների մասին փոքրիկ նյութեր ենք տեղադրում իմ ֆեյսբուքյան էջում, ես վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել:

Մենք պետք է դինամիկայի մեջ լինենք։ Մեր առաջին հանդիպումն այդպիսին չէր, հակառակը՝ հիմնականում նեգատիվ ֆոնով էր, նույնիսկ փաստը, թե ինչու պետք է ՀՀ վարչապետը նման հանդիպում ունենա։

Շատ բարդույթներ հաղթահարված են, որը վիճակագրության մեջ չի արտահայտվում, բայց ես դա ձեռքբերում եմ համարում, նաև սա է պատճառը, որ հոռետեսներին ասում եմ՝ վաղ է արձանագրել այս ուղղության կամ քաղաքականության ձախողումը։ Եթե մենք հանդարտ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցը չի լինելու՝ կլինի կարգավորում, թե չէ, հարցը լինելու է, թե երբ կլինի կարգավորում։ Դա ընդամենը լինելու է ժամանակի հարց, որը ամենատարբեր հանգամանքներով կազդվի։

Կարող է՝ կարգավորումը հետաձգվի, բայց այսօր արդեն իմ ընկալումն է, որ դա ժամանակի հարց է, մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք և առաջինը առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ»,-նշել է նա:

Վարչապետը նկատել է, որ այս ընթացքում մի քանի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ է ունեցել, նաեւ ԱԳ նախարարներն են շփվել ու շարունակում են շփվել. «Պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան շարունակվի, կանգ չառնի: Սա էլ կախված է երկու երկրների առաջնորդների, կառավարությունների քաղաքական կամքից: Ես տեսնում եմ քաղաքական կամք, այլ բան, որ դա նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։ Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ Մենք պատճառահետևանքային կետը կորցրել ենք, և անցել ենք բարդությունների և կատակլիզմների միջով, բայց հիմա այս հարցի ձևակերպումը փոխելու հնարավորություն կա»:

  • Կիսվել: