ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լիբանանն անկախության օրը դիմավորում է քաղաքական ու տնտեսական ճգնաժամով. «Ազդակի» խմբագիրը մանրամասներ է հայտնել

Լիբանանն անկախության օրը դիմավորում է քաղաքական ու տնտեսական ճգնաժամով. «Ազդակի» խմբագիրը մանրամասներ է հայտնել

Լիբանանում, ճիշտ է բողոքի ակցիաները արդեն մի քանի օր է դադարել են, բայց թե ֆինանսական, թե քաղաքական ճգնաժամը երկրում շարունակվում է, PrimeNews.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։

Նրա ներկայացմամբ, կառավարությունը հրաժարական է տվել և երկրի Սահմանադրության համաձայն պետք է անցկացվեն խորհրդակցություններ խորհրդարանական խմբակցությունների միջև, սակայն քվորում չի հաջողվում ունենալ: «Եղան խորհրդարանական խմբակցություններ, որոնք բոյկոտեցին նիստը: Կազմալույծ իրավիճակ է», - փոխանցեց Կանդահարյանը:

Նոյեմբերի 22-ին Լիբանանի անկախության օրն է, սակայն, հայազգի խմբագրի խոսքով, երկրում այն նշելու, տոնելու տրամադրվածություն չկա: «Լիբանանի ժամանակով ժամը ութին նախագահը ուղերձով դիմելու է ժողովրդին: Այս պահին երկրում իրավիճակն անորոշ է, ապրում է ֆինանսական ու քաղաքական ճգնաժամ ու առ այս պահը լուծման ուղիներ չեն երևում», -ասաց «Ազդակի» խմբագիրը:

Նրա ներկայացմամբ, Լիբանանում բողոքի ակցիաները մեկնարկեցին սոցիալական որոշ խնդիրների վերաբերյալ պահանջներ ներկայացնելով, բայց ժամանակի ընթացքում դրանք վերաճեցին քաղաքական ակցիաների, ինչի հետևանքով Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց:

«Նրանք պահանջում են ձևավորել անկախ կառավարություն, որի հիմնական գործառույթը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը: Ցուցարաները նաև պահանջում են, որ Լիբանանը կուսակցական պետությունից վերածվի քաղաքացիական պետության: Բայց կարևոր մի բան նշեմ՝ լիազոր մարմին չկա, որը կարող է ներկայացնել ցուցարարներին, շատ տարերային է շարժումը», -ասաց Կանդահարյանը:

Նա նկատեց, որ ի տարբերություն իրաքյան կոչերին, որտեղ հնչում են հակաիրանական կոչեր, Լիբանանում ցույցերում մինչ այս պահը նման բնույթի կոչեր չեն հնչել: Լիբանանում միայն պահանջում են բարելավել երկրի սոցիալական վիճակը:

«Իրավիճակի հանգուցալուծումը պետք է փուլ առ փուլ լինի՝ որքան շուտ կազմվի կառավարությունը, այնքան լավ: Նոր կառավարությունը կարող է լինել երիտասարդներից և նաև՝ քաղաքական դեմքերից: Երկար տարիներ համակարգը միջհամայնքային, հանգչած նստած, արմատավորված է ու չի կարելի կտրուկ անցումներ կատարել: Բացի այդ, արտաքին խոչընդոտներ չպետք է լինեն, իսկ դրա համար որոշակի մերձեցում պետք է լինի գերտերությունների միջև», - նշեց Կանդահարյանը:

Հիշեցնեն՝ հոկտեմբերի կեսերից Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաներ են: Հանրությանը զայրացրել էր հարկերը բարձրացնելու և, մասնավորապես, WhatsApp հավելվածով յուրաքանչյուր հեռախոսային զանգ 20 սենթով հարկելու որոշումը: Զանգվածային ցույցերը ստիպել էին կառավարությանը չեղարկել այդ նորամուծությունը: Երկար օրեր ցուցարարները փակում էին փողոցները և անվադողեր էին հրկիզում: Բողոքի ակցիաներ էին իրականացվում ոչ միայն մայրաքաղաք Բեյրութում, այլև Լիբանանի ուրիշ քաղաքներում: Ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառում: Որոշ ժամանակ անց ցուցարարների պահանջները ընդլայնվեցին, և նրանք սկսեցին պահանջել կառավարության հրաժարականը: Այնուհետև հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարեց իր հրաժարականի մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: