ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան

Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ Դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: Մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ: Առանց որևէ կոնկրետավորված շրջանակի կամ հասարակության ուղղված կոչի, ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարության պայմաններում՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղսագրումը, դրա շրջանակներում ֆեյսբուքյան արդարադատության նախապատրաստումն ու իրականացումը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ»-ը:

«Հունիսի 19-ին Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Նշվածը ենթադրում է, որ դատական ակտ կայացրած դատարանն անմիջապես պետք է գործի նյութերը ուղարկի Վերաքննիչ դատարան:

Փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել են նաև խուզարկության և Սամվել Կարապետյանի ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները: Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանի խուզարկության և կալանքի որոշումները կայացվել էին նույն մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կողմից:

Միաժամանակ իրականացվում են իրավունքների պաշտպանության և խախտումների վերացման այլ իրավական գործիքակազմերի իրացման աշխատանքները: Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, սույն իբրև քրեական վարույթի ուշագրավ հանգամանքների վերաբերյալ նման ձևաչափով հավելյալ իրազեկումը կապահովվի առաջիկայում»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, բավարարել է Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

 

  • Կիսվել: