Պեսկովն ափսոսանք է հայտնել ԵԱՏՄ գագաթնաժողովին Մինսկ չմեկնելու Փաշինյանի որոշման կապակցությամբ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին։
«Իհարկե, ցավալի է, բայց Հայաստանը, այնուամենայնիվ, ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցությունից մեծ դիվիդենտներ է ստանում ազգային տնտեսության համար։
«ԵԱՏՄ-ին անդամակցությունն ամեն տարի վստահորեն մի քանի տոկոս է ավելացնում Հայաստանի տնտեսության աճին»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Երևանի և Մինսկի հարաբերություններում լարվածություն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ գնահատականներից հետո։ Ավելի ուշ Փաշինյանն ասաց, որ Բելառուսի ղեկավարը փաստացի խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, և արգելել է պաշտոնյաներին մեկնել Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն այնտեղ նախագահ է։ Երևանը հետ է կանչել նաև իր դեսպանին։