Ընտանիքում բռնություն գործադրած անձինք բրասելտներ կկրեն, որ չմոտենան բռնության զոհի տանը. օրենքը կգործի 2026–ի մարտից
Կառավարությունն իր այսօրվա նիտում հավանություն տվեց «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ այս օրենքի ընտանիքում բռնության դեպքում ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Դա ենթադրում է նաեւ ենթադրյալ բռնություն գործադրած անձին անհապաղ հեռացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը։
Վերը նշված որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից հսկողությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձն այս ոլորտում, և պարզվել է, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկան:
Նշվածով պայմանավորված՝ օրենքում լրացում է կատարվել, որը նախատեսում է, որ ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ հնարավոր է լինելու կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ։
Բացի այդ նախատեսվում է պատասխանատվություն սահմանել էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։
Նախատեսվում է, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026թ․ մարտի 1-ից։