Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՌԴ քաղաքացուն. Պեսկով
Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք մշտադիտարկում ենք, մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է, մենք չենք ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենից ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ կապված է ՌԴ քաղաքացու հետ»,- լրագրողներին ասաց Պեսկովը։
«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի ողջ անհրաժեշտ օգնությունը տրամադրել Սամվել Կարապետյանին»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել է ռուսաստանցի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։
Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։