շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը

Ազգային ժողովը հուլիսի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։

Օրինագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 30։

Փաթեթի հիմնական նպատակը էներգետիկ ոլորտում պետական միջամտության կանխարգելիչ իրավական մեխանիզմների ներդրումն է։ Օրինագծերը ԱԺ-ում ներկայացրել էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ 

Նա ընդգծել էր, որ ներկայում պետական կառույցները կարող են արձագանքել միայն արդեն արձանագրված խախտումներին, իսկ օրենքով չկան այնպիսի լիազորություններ, որոնք թույլ կտան խախտումները կանխել նախքան դրանց դրսևորվելը։ 

«Էներգետիկ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ են։ Պետք է ապահովել կանխարգելիչ միջամտության արդյունավետ լծակներ՝ հանրային շահերն ու սպառողների իրավունքները պաշտպանելու համար»,– ասել էր Վարդանյանը։ 

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։ 

Վարդանյանը նշել էր, որ նման մեխանիզմներ կիրառվում են նաև տարբեր երկրներում՝ հանրային ծառայությունների անխափանությունը և ռազմավարական ենթակառուցվածքները պաշտպանելու նպատակով։

Հունիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացման գործընթացի մեկնարկի մասին՝ շեշտելով կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ապագայում նախատեսվում է ՀԷՑ-ի բաժնետոմսերն հասանելի դարձնել քաղաքացիների համար՝ ապահովելով համասեփականատիրության մոդել։  

Ի պատասխան՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարել էր, որ ընկերությունը պատրաստվում է իրավական ճանապարհով վիճարկել պետականացման գործընթացը։ Նա նշել էր, որ ՀԾԿՀ-ն երբևէ չի ակնարկել լիցենզիայի դադարեցման վերաբերյալ, և հավելել, որ 2023 թվականի ներդրումային ծրագիրը իրականացվել է 91.8 տոկոսով, իսկ համակարգի արդյունավետությունը՝ զգալիորեն բարելավվել։ 

 

  • Կիսվել: