կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղցկեղ ունենցող պացիենտներին անվճար կտրամադրվի մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղը` ըստ բժշկական ցուցումների

Քաղցկեղ ունենցող պացիենտներին անվճար կտրամադրվի մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղը` ըստ բժշկական ցուցումների

Քաղցկեղ ունենցող պացիենտներին անվճար կտրամադրվի մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղը` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից, հայտնում են Առողջապահության նախարարությունից

«Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերով բուժման ծրագիրը կիրականացվի ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

Ծրագրի շրջանակում ենթակա են բուժման`

Մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղ՝ ֆտորպիրիմիդինների ածանցյալների հետ զուգակցված,
Ոչ մանրբջջային և ոչ տափակբջջային թոքի քաղցկեղ՝ տեղային տարածված (ոչ վիրահատելի), ռեցիդիվող և մետաստատիկ փուլերում՝որպես 1-ին գծի թերապիա զուգակցված քիմիա և իմունաթերապիայի հետ,
Տեղային տարածված կամ մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղ՝ որպես մոնոթերապիա,
Գլխուղեղի չարորակ նորագոյացություններ,մասնավորապես WHO grade 3 և 4 աստրոցիտոմաների և գլիոբլաստոմաների ժամանակ որպես մոնոթերապիա կամ համակցված քիմիապրեպարատների հետ,
Ձվարանների,արգանդափողերի և որովայնամզի առաջնային քաղցկեղների դեպքում,թերապիայի 1-ին գծի ցուցումով քիմիաթերապիայի հետ համակցված՝IIIB IIIC ըստ FIGO-ի փուլավորման և մետաստատիկ պացիենտների դեպքում,
Արգանդի վզիկի քաղցկեղ՝ IV փուլում, համակցված քիմիապրեպարատների հետ,
Հեպատոցելյուլյար կարցինոմա՝ տեղային տարածված և մետաստատիկ փուլերում որպես 1-ին գծի թերապիա համակցված իմունաթերապիայի հետ:

Ծրագրում պացիենտների ընդգրկման համար անհրաժեշտ փաստաթղթերը`

1) Պացիենտի էպիկրիզ,

2) Պացիենտի անձնական տվյալներ, անձնագրի պատճեն կամ նույնականացման քարտի պատճեն,

3) Պացիենտի կոնտակտային տվյալներ:

Ներկայացվող էպիկրիզում պարտադիր ներառվում են տվյալները ըստ հիվանդության փուլերի՝ համաձայն ուղեցույցերի:

Եթե կլինիկական փուլը համապատասխանում է, ապա սահմանվում է հետևյալ տվյալների պարտադիր առկայությունը՝

Հիվանդության պատմության և բժշկական զննության նկարագիր,
Համակարգչային շերտագրության (ն/ե կոնտրաստավորմամբ), անհրաժեշտության դեպքում ՄՌՇ և/կամ ՊԷՏ/ԿՏ հետազոտության տվյալները,
Ուռուցքի պաթոհյուսվածաբանական տվյալները,
Ուռուցքի իմունահիստոքիմիական տվյալները՝ ըստ անհրաժեշտության:
Ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում տվյալ հիվանդության կարգավիճակը ճիշտ գնահատելու, դեղի հնարավոր կողմնակի ազդեցությունները կանխելու և/կամ վերահսկելու նպատակով իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ.

1) Արյան ընդհանուր քննություն,

2) Նյութափոխանակության համապարփակ հետազոտություն, այդ թվում` լյարդի և երիկամների ֆունկցիոնալ թեստեր:

Ծրագրում կարող են ընդգրկվել.

1) Առաջնային ախտորոշված վերոնշյալ նոզոլոգիաներով և փուլավորմամբ պացիենտները.

2) Այն պացիենտները, ովքեր նախկինում բուժում են ստացել
«Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կամ այլ բժշկական կազմակերպություններում և ներկայումս համապատասխանում են Ծրագրի չափորոշիչներին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով` (010)205050:

 

  • Կիսվել: