չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բերման ենթարկվելիս պահանջել զանգի հնարավորություն. սահմանադրագետի ուղերձը՝ ոստիկաններին ու ցուցարարներին

Բերման ենթարկվելիս պահանջել զանգի հնարավորություն. սահմանադրագետի ուղերձը՝ ոստիկաններին ու ցուցարարներին

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է իշխանական լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ «Վաղվանից ավտոերթի մասնակիցների մեքենաները բերման են ենթարկելու, պահելու են տուգանային հրապարակում»։

Իրավունքի մասնագետը գրում է.

«Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ։

Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել առ այն, որ հավաքների իրենց հիմնարար իրավունքը երթի ձևաչափով իրականացնող քաղաքացիների գույքը կարող է առգրավվել, այդ թվում՝ վնասվելով:

ՈՒՂԵՐՁ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ ԵՒ ՈՍՏԻԿԱՆԻՆ

.Բնականաբար, նմանաբնույթ  գործողությունները չեն կարող տեղավորվել օրենքի շրջանակներում:

Եթե Դուք ավտոերթի մասնակից եք, ապա իրավունք ունեք.

. իրականացնելու հավաքների ազատության Ձեր սահմանադրական իրավունքը /այս դեպքում՝ ավտոերթի տեսքով/.

. թույլատրելի նվազագույն արագությամբ երթևեկելու

. իրավապահ մարմինների կողմից ցանկացած միջամտության պարագայում պահանջելու, որպեսզի բացատրեն, թե ի՞նչ խախտում եք իրականացնում

. իրավապահ մարմիններից պահանջել ԲԱՎԱՐԱՐ ժամանակ ենթադրելի խախտումը դադարեցնելու համար

. փորձեք լինել բարեկիրթ և տեսաձայնագրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջամտության փորձերը կամ երկխոսությունները վերջիններիս հետ

. բերման ենթարկվելու պարագայում պահանջել զանգի հնարավորություն:

 ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, եթե Դուք ոստիկան եք, «Ոստիկանության մասին», «Ոստիկանական ծառայության մասին» օրենքների համաձայն՝

.ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ օրենքով իրեն չվերապահված պարտականություններ

.ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին

.ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք կրում  են պատասխանատվություն

.ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը»։

  • Կիսվել: