երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թբիլիսիում նշվել է Սայաթնովյան 111-րդ Վարդատոնը

Թբիլիսիում նշվել է Սայաթնովյան 111-րդ Վարդատոնը

Մայիսի 18-ին Թբիլիսիում նշվեց Սայաթնովյան 111-րդ Վարդատոնը, գրում է aliq.ge-ն:

Աշուղ Սայաթ-Նովային նվիրված համերգային ծրագիրը մեկնարկեց ժամը 13:00-ին՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան):

111-րդ Վարդատոնը, ավանդութի համաձայն, սկսվեց քայլերթով՝ Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից․ մասնակիցները վարդեր խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող աշուղ Սայաթ-Նովայի շիրիմին։

Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիների հոգևորականները, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը, հյուրեր Վրաստանից ու Հայաստանից և այլք:

Միջոցառումն իրականացվեց «Վիրահայերի միությունը»՝ Թբիլիսիի քաղաքապետարանի և ավագանու ֆինանսական աջակցությամբ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության, Վիրահայոց թեմի կրթամշակութային կենտրոնների և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի մասնակցությամբ։

«Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։

Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։

«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում. արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր:

  • Կիսվել: