Հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի ՊՆ ղեկավարները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Իսրայելում հանդիպել է այդ երկրի իր պաշտոնակից Իսրայել Կացի և պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպումը կայացել է Հասանովի` Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում:
«Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր օպերատիվ կենտրոն և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Իսրայելական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խոր ռազմավարական դաշինքը և ընդգծել ընդհանուր շահերի ու փոխվստահության կարևորությունը: Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում:
Ընդգծենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկջոկատայինների զորավարժությունների ֆոնին: