Ուկրաինան իր տարածքների մի մասից զորքերը դուրս չի բերի և Ռուսաստանի վերջնագրերը չի ընդունի. Զելենսկի
Ես ԱՄՆ նախագահ Թրամփին (նախքան Պուտինի հետ զրույցը) խնդրեցի առանց Ուկրաինայի՝ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չընդունել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը:
Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինան իր տարածքների մի մասից զորքերը դուրս չի բերի և Ռուսաստանի վերջնագրերը չի ընդունի։
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը նաև հաստատել է, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, հուշագիր կստորագրի Ռուսաստանի հետ, որը կհանգեցնի պատերազմի դադարեցման համաձայնագրի:
Կիևը, ըստ Զելենսկիի, կսպասի հուշագրի ռուսերեն տարբերակին:
«Մենք քննարկում ենք բոլոր թիմերի՝ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև կրկին հանդիպման հնարավորությունը։ Նման հանդիպումը կարող է անցկացվել Թուրքիայում, Վատիկանում կամ Շվեյցարիայում»,-իր խոսքն ամփոփել է Վլադիմիր Զելենսկին: