ՀՀ-ն ու ՌԴ-ն առանձնացրել են գիտակրթական համագործակցության մի քանի հիմնական ուղղություններ
Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել են ռուս-հայկական գիտակրթական երկրորդ համաժողովին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը մասնակցել են երկու երկրների 43 առաջատար համալսարանների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում առանձնացվել են գիտակրթական համագործակցության մի քանի հիմնական ուղղություններ։ Դրանց թվում են համատեղ գիտական հետազոտությունների զարգացումը, կրթական ծրագրերի ընդլայնումը, ուսանողների և դասախոսների փոխանակման խթանումը, ինչպես նաև Ռուս-հայկական համալսարանի ներուժի զարգացումը։
Վալերի Ֆալկովը նշել է, որ համատեղ հետազոտությունների համար լավ հիմք է Հայաստանի մասնակցությունը Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին։ Նա նաև հրավիրել է հայկական պատվիրակությանը այցելել Նովոսիբիրսկի մարզում գտնվող ՍԿԻՖ կայանքն ու Լենինգրադի մարզի ՊԻԿ ռեակտորը։
Նրա խոսքով՝ ռուսական մի շարք բուհերի կրթական ծրագրերը մեծ պահանջարկ ունեն Հայաստանի դիմորդների շրջանում։ 2025-2026 ուսումնական տարում երկու երկրների ավելի քան հազար ուսանող և դասախոս մասնակցել է փոխանակման ծրագրերին։
Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի համալսարանների ու գիտական կազմակերպությունների միջև կնքվել է համագործակցության 443 համաձայնագիր, որոնց շրջանակում իրականացվում է 159 նախագիծ։
Անդրադառնալով Ռուս-հայկական համալսարանին՝ Ֆալկովը նշել է, որ այնտեղ ներկայում սովորում է ավելի քան 6 հազար մարդ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել ամրապնդել համալսարանի ներուժը, ընդլայնել գիտական գործունեությունը և նոր հնարավորություններ ստեղծել ուսանողների ու դասախոսների համար։
Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է ռուս գործընկերների հետ մասնագիտական կապերի ընդլայնման, համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի և ակադեմիական փոխանակումների զարգացման կարևորությունը։
Համաժողովի ավարտին կողմերը ստորագրել են Ռուս-հայկական համալսարանի Կառավարման խորհրդի կանոնակարգը։



