Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորը ինքնաբացարկ է հայտնել
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, որը երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի ավագանու ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի նկատմամբ, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Դատավորը որոշումը կայացրել է նոյեմբերի 11-ին։ Նա պատճառաբանել է, որ Գևորգյանի մահվանից հետո հրապարակային հայտարարություններում կասկածի տակ են դրվել ինչպես կալանավորման որոշման օրինականությունը, այնպես էլ իր անաչառությունը։
«Թեև գտնում եմ, որ կարող եմ տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն վերը վկայակոչված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ»,– նշել է դատավորը։



