երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վոլկովի տեղակալը վստահեցրել է՝ այս պահին քննարկումներ են ընթանում բարձր մակարդակով. ՀՀ-ից Արցախ ավտոերթի մասնակից

Վոլկովի տեղակալը վստահեցրել է՝ այս պահին քննարկումներ են ընթանում բարձր մակարդակով. ՀՀ-ից Արցախ ավտոերթի մասնակից

Ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալն էր եկել, նրա ազգանունը չիմացանք։ Մենք մեր պահանջները ներկայացրինք։ Նա ներկայացրեց, որ իրավիճակը լարված է, ինչի մասին մենք էլ գիտենք, երկրորդը՝ իրենք չեն կարող ապահովել մեր՝ անվտանգ այցն Արցախ։ Նա զգուշացրել է, որ դա կարող է լինել բավականին լարված ու վտանգավոր վիճակ, կարող է ամեն ինչ կառավարման վիճակից դուրս գալ: Այս մասին ասաց այսօր Հանրապետության հրապարակից ավտոերթով Արցախ շարժված մի խումբ ակտիվիստներից մեկը:

Նա հավելեց, որ իրենք առավոտից ավտոերթով մեկնում էին Ստեփանակերտ, սակայն  ճանապարհը փակ լինելու պատճառով հանդիպել են ռուսական զորախմբի հրամանատար Վոլկովի տեղակալի հետ։

Ակցիայի մասնակցի խոսքով՝ տեղակալն իրենց հայտնել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում բարձր մակարդակով: ՛՛Նա առաջարկեց, որ սպասենք այդ պատասխանին։ Մենք մեր ցանկությունը հայտնեցինք, որ ուզում ենք գնալ Արցախ, ոգեւորել երեխաներին, տեսնել մեր ընտանիքի անդամներին, նա ասաց, որ իրենք կիսում են մեր դժվարությունը։ Առաջարկեցինք, որ մենք այստեղ սպասենք, իրենք գնան զեկուցեն, նա մեզ տեղեկացրեց, որ անգամ եթե ինքը գնա զեկուցի իր վերադասին, վերադասը զեկուցելու է վերադասին, այնուհետեւ մենք պատասխան ենք ստանալու, նա ասաց, որ դա մի քանի ժամվա հարց չէ, օրեր են տեւելու՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է՝ Արցախը կտրված է աշխարհից ու Հայաստանից։ Մոտ 120 հազար արցախցի մնացել է շրջափակման մեջ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ճանապարհի՝ փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։

  • Կիսվել: