շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղ.  ցույցեր Երևանում և Ստեփանակերտում՝ հանուն շրջափակման վերացման և ինքնորոշման իրավունքի

Լեռնային Ղարաբաղ. ցույցեր Երևանում և Ստեփանակերտում՝ հանուն շրջափակման վերացման և ինքնորոշման իրավունքի

Հուլիսի 24-ի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 20.00-ին (UT) երկու խոշոր միաժամանակյա հավաքներ են հայտարարվում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, որը դեկտեմբերի կեսերից գտնվում է շրջափակման մեջ։

Այս մասին գրում է Rfi.fr-ն անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հուլիսի 24-ին միջազգային լրատվամիջոցներին տված մամլո ասուլիսին։

«Կարգախոսների թվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումը և ինքնորոշման իրավունքը։

Հուլիսի 24-ին՝ այս կրկնակի հավաքի նախօրեին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսակոնֆերանսով ասուլիս տվեց՝ նկարագրելու աղետալի հումանիտար իրավիճակը. պարենի և դեղորայքի պաշարներն օրեցօր սպառվում են, ինչպես նաև վառելիքը: Հասարակական տրանսպորտը կանգ է առել, իսկ շտապօգնության մեքենաները դեռևս կարողանում են գործել։

Դանդաղ ընթացք ունեցող խաղաղ գործընթաց

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ սովը հետապնդում է անկլավի 120 հազար բնակիչներին այն պահից, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդը դատապարտում է Բաքվի կողմից պարտադրված «անմարդկային պայմանները», որոնք խախտում են նրա միջազգային պարտավորությունները և, մասնավորապես, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հռչակագիրը, որը 2020 թվականի նոյեմբերին վերջ դրեց երկու երկրների միջև պատերազմին։

Այս հակամարտությունն ավարտվեց Հայաստանի պարտությամբ, որը ստիպված էր տարածքներ զիջել Ադրբեջանին։ Խաղաղ գործընթացն այսօր դժվարությամբ է ընթանում: Մայիսի վերջին բանակցությունների շրջանակներում Երևանը պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, դիրքորոշում, որն Արայիկ Հարությունյանն անթույլատրելի է համարում: Նա կոչ է անում Հայաստանին զերծ մնալ հայտարարություններից, որոնք, ամենայն հավանականությամբ, «կզրկեն Լեռնային Ղարաբաղը ինքնորոշման իրավունքից»,- գրում է Rfi.fr-ը:

  • Կիսվել: