Հիանալի օր կլինի ՌԴ-ի և Ուկրաինայի համար․ Թրամփի արձագանքը՝ Պուտինի առաջարկին
Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ, կարող է հիանալի օր լինել երկու կողմերի համար, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հնարավոր է՝ սա հիանալի օր է Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, քանի որ այս անվերջ արյունահեղությունը, հուսով եմ, կավարտվի։ Սա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ դա ապահովելու համար։ Մեծ շաբաթ է մոտենում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ կիրակի երեկոյան Պուտինը ելույթ ունեցավ լրատվամիջոցների համար։ Մասնավորապես, Ռուսաստանի առաջնորդը առաջարկել է, որ Կիևը մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսի առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Պետության ղեկավարը շեշտել է, որ չի բացառում իրական հրադադարի հասնելը, որը կպահպանվի Ուկրաինայի կողմից։